Այս շարքը հայերի և ադրբեջանցիների անհատական պատմությունների միջոցով ուսումնասիրում է 2020 թվականի 44-օրյա Լեռնային Ղարաբաղի պատերազմին հաջորդած կոլեկտիվ տրավմա երևույթը, դրա դրսևորման եղանակները և դրա ազդեցությունը շարունակվող հակամարտության դինամիկայի վրա։ Այս հատվածը պատմում է ենթադրաբար ժամանակավորապես ամեն պատերազմի հետ սեփական տունը լքել հարկադրված կնոջ և նրա ընտանիքի մասին։
2020 թվականի սեպտեմբերին, Ղարաբաղում ինտենսիվ հրետակոծությունը սկսվելուն պես, թոռանը տրավմայի չենթարկելու համար, նա թոռան իրերը դրեց մի պայուսակի մեջ, թողեց իր տունը և ընտանիքի մյուս անդամներին և թոռանը տարավ Երևան՝ սպասելով ռազմական գործողությունների ավարտին:
Նա ծնվել և մեծացել է Խորհրդային Ադրբեջանի երկրորդ ամենախիտ բնակեցված քաղաքում` Գյանջայում, հայ երաժշտի ընտանիքում: Նա հիշում է, որ ադրբեջանցիները հարգանքով էին վերաբերվում իր հորը` նրան անվանելով Վարպետ: Պատանեկության տարիներին որոշեց գնալ հոր հետքերով: Չնայած գիտեր, որ Ադրբեջանում ղեկավար պաշտոնները զբաղեցնում էին ադրբեջանցիները, իսկ նրանց տեղակալները հայեր էին, ովքեր և կատարում էին ողջ աշխատանքը, Ռուսաստանում սովորելուց հետո վերադարձավ հայրենի քաղաք և ստացավ մշակույթի ոլորտում սպասված պաշտոնը:
ԽՍՀՄ փլուզումը նույնիսկ երազում չէր կարելի տեսնել, և կյանքը լի էր ուրախությամբ և հեռանկարներով: Այնուամենայնիվ, նա սկսեց մտահոգիչ ազդակներ նկատել: Եթե առաջ գրավում էր հիացմունքով լի հայացքներ, որոնք հավելում էին եռանդը և երիտասարդությունը, աստիճանաբար անցորդների աչքերը սկսեցին մռայլվեցին, նույնիսկ ինչ-որ կերպ կասկածելի դարձան, կարծես ինքը մեղավոր լիներ, և բոլորն իր մեջ էին մեղքը փնտրում:
Իրեն բնորոշ կենսուրախությունը, լավատեսությունը, ընկերասիրությունը, տաղանդը աստիճանաբար սկսեցին անհետանալ, իսկ հանրության ընկալումներում սկսեց ամրապնդվել նրա ինքնության մի կողմը միայն՝ հայ լինելը: Ավտոբուսում հայացքները նրան անհանգստացնում էին, նա ասում է, որ շունչը կտրվում էր, մտածում էր, որ շրջապատում բոլորը կռահել են, որ ինքը հայ է:
1988թ. նոյեմբերին մի առավոտ դուռը թակեց ոստիկանությունում աշխատող գեղեցիկ ու երիտասարդ հարևանը։ Դիմելով այս կնոջ հորը՝ նա շշուկով ասաց, որ թեև ամաչում ու ցավում է, բայց իր պարտքն է համարում զգուշացնել, որ վաղը հայերի դեմ անկարգություններ և բողոքի ցույցեր են սպասվում, և ոստիկաններին արգելված է միջամտել: Խորհուրդ տվեց որոշ ժամանակով հեռանալ, մինչև խռովություններն անցնեն:
Հայրն իսկույն հորդորեց հավաքել իրերը: Նա հիշում է, որ խուճապ չկար, հավաքում էին իրերը նույն կերպ, ինչ նախորդ տարվա սեպտեմբերին. գնում են սպասելու, մինչև ամեն ինչ հանդարտվի, և վերադառնան:
Նոյեմբեր ամիսն էր, և նրանք վերցրին տաք հագուստ և փաստաթղթեր: Հայրն ատրճանակ ուներ, հանեց թաքստոցից, փաթաթեց հին վերարկուով և դրեց նույնքան հին մեքենայի բեռնախցիկը: Ընտանիքը նստեց մեքենան և ճանապարհ ընկավ, հինգերորդ հարկից մի կին նրանց վրա քար նետեց, որը անցք բացեց շարժիչի ծածկի վրա:
Ճանապարհին նրանք տեսան, թե ինչպես էին ջարդուփշուր անում հայկական տները և թալանում ունեցվածքը, ինչպես էր ագրեսիվ ամբոխը հայերին ուղղված սպառնալիքներ գոչում: Այդ պահին նա սարսափելի ու աննախադեպ վախ զգաց և չէր էլ կարող պատկերացնել, որ մարդը կարող է նման վախ զգալ: Ոստիկանները կանգնեցրին նրանց և հարցրին, թե ուր են գնում: Հայրը պատասխանեց, որ իրենք պատրաստվում են այցելել Ղարաբաղում գտնվող հարազատներին, և ոստիկանները բաց թողեցին նրանց՝ առանց նույնիսկ բեռնախցիկը ստուգելու:
Մինչ այդ, նա չէր եղել ո'չ Ղարաբաղում, ո'չ էլ Հայաստանում, բայց երբ այնտեղ հասավ, լիակատար անվտանգություն զգաց: Ըստ նրա պատմածի, շրջապատում բոլորը նման էին իրեն, և դա ազատության և պաշտպանվածության զգացում էր հաղորդում: Ակնհայտ է, որ նրա ինքնության այդ հատվածը` էթնիկ պատկանելությունը, որը խիստ արտահայտված չէր Գյանջայում ապրելիս, բայց վտանգում էր նրան, նոր համատեքստում, ընդհակառակը, պաշտպանվածության զգացողություն հաղորդեց: Նոր համատեքստում տեղի ունեցավ ինքնության հենց այս հատվածի արագ ամրապնդումը՝ որպես պաշտպանական մեխանիզմ:
Այստեղ պատսպարված ընտանիքների թիվը մեծանում էր, հակամարտությունը թափ էր հավաքում, և մեկ ամիս անց նրանց համար պարզ դարձավ, որ ընդմիշտ այդտեղ են մնալու:
Հայրը տանջվում էր այն մտքից, որ իր բոլոր երաժշտական գործիքներն ու գրքերը մնացին Գյանջայում: Այն ժամանակ դեռ գոյություն ունեցող ԽՍՀՄ-ի զինվորականները տները լքածների համար հսկվող շարասյուներ էին կազմակերպում` հնարավորություն տալով ունեցվածքը դուրս բերել: Ընտանիքը որոշեց օգտվել այդ հնարավորությունից՝ փրկելու իրենց արժեքավոր երաժշտական գործիքները և ունեցվածքի մի մասը:
Ուղևորվեցին դեկտեմբերին՝ Սպիտակի երկրաշարժից հետո: Եվ երբ շարասյունն անցնում էր ադրբեջանական գյուղերով, փողոցում գտնվող կանայք թատերական շարժումներով ձեռքերը ուղղում էին երկինք` երախտագիտություն հայտնելով Աստծուն, որ հայերին գլխին թափել է արժանի պատիժը :
Նրանք տունը անվնաս գտնելու ակնկալիք չունեին, բայց ի զարմանս իրենց՝ տունը կանգուն էր: Ավելին, բացելով դռները՝ տեսան, որ սեղանի շուրջ նստած էր մի մեծ ադրբեջանական ընտանիք, որ թեյ էր խմում թեյի բաժակների նուրբ ձեռագործ հավաքածուից, որը մայրը թույլ էր տալիս պահարանից հանել բացառապես տոն օրերին կամ պատվավոր հյուրեր ընդունելիս:
Իրենց տունը զբաղեցրած և Հայաստանից եկած ադրբեջանցի փախստականների այս ընտանիքը ակտիվորեն դիմադրում էր, որպեսզի նորից չկորցնի այն ունեցվածքը, որ արդեն իրենն էր համարում: Բայց հարևանները միջամտեցին, և այս աջակցության շնորհիվ հայերը կարողացան վերցնել երաժշտական գործիքները և ընտանեկան լուսանկարները: Թեյի հավաքածուն մնաց սեղանին:
Շուտով նա ամուսնացավ դիմացի հանրակացարանում ապրող տղայի հետ․ վերջինս Բաքվից եկած փախստականների ընտանիքից էր: Նրանք դուստր ունեցան: Ամուսինը կռվեց Ղարաբաղի պատերազմում և զոհվեց: Նրանց հանրակացարանը ռմբակոծվեց ու ավերվեց, իսկ սկեսուրը ծանր վիրավորվեց: Եվ երբ 1992թ․ գրավեցին Շուշին, սկեսուրը նրան և իր նորածին դստերը բերեց ադրբեջանական ընտանիքի սեփականությունը հանդիսացող, քանդված և ավերված մի բնակարան, որտեղ նույնիսկ դռներ ու պատուհաններ չկային: Բայց նրանք հաստատվեցին այդտեղ՝ այդ կացարանը համարելով և դարձնելով իրենց տունը։
Այսօր, ինչպես և հայրը տարիներ առաջ, նեղսրտում է, որ թողել է և հետը չի վերցրել երաժշտական գործիքները և լուսանկարները: Ասում է, որ իր հիշողությունը շատ է վատացել. հիշում է հեռավոր անցյալը, բայց չի կարողանում հիշել իր հեղինակած հայկական երգերի բառերը:
Ըստ էության, ազգային ինքնությունը, որ ժամանակին նրան պաշտպանվածության հսկայական զգացողություն էր պարգևել և որը նա ինտենսիվ զարգացրել էր ժամանակի ընթացքում, այսօր դադարել է կատարել այդ գործառույթը, և հիշողությունն ինքն է այդ մեղեդիները թաքցրել պասիվ արխիվում:
Իր կյանքի հսկայական մասը մնացել է Շուշիում, այնտեղ ծնողների և ամուսնու գերեզմաններն են, և այսօր չգիտե, թե ինչպես կվարվեն ադրբեջանցիները դրանց հետ: Այնտեղ մնաց նաև խաղաղության զգացողությունը. երիտասարդ տարիքում, ջարդերին ականատես լինելիս մի անգամ զգացած վախը վերադարձել էր:
Քիչ է քնում և շատ է մտածում: Մտորում է անցյալի և ապագայի մասին: Հասկանում է, որ իր կյանքը կառուցվել է հակամարտությունների և դրա ավերակների վրա, և գիտակցում է, թե ինչպես է հակամարտությունների անվերջանալի շրջափուլը տիրել իր ճակատագրին:
Անհանգստանում է, որ իր թոռանը նույն ճակատագիրը բաժին չհասնի: Ադրբեջանցիների նկատմամբ ատելություն չի տածում, նույնիսկ մի փոքր հիշում է նրանց լեզուն, պատրաստ է հանդիպել նրանց և խոսել թոռան ապագայի մասին, այն մասին, թե ինչպես կարելի է պաշտպանել մյուս երեխաներին իր ապրած փորձությունից:
Կրկնում է, որ չնայած ամբողջ ընտանիքով փորձել են թոռանը պաշտպանել տրավմայից, նրանց դա չի հաջողվել:
Չտեսնելով պատերազմը և չհասկանալով, թե ինչ է դա՝ այս երեքամյա երեխան արդեն իր վրա է կրում այդ բեռը։ Այլևս հանգիստ չի քնում, հաճախ արթնանում է գիշերը և երբեմն տալիս է ոչ մանկական հարցեր, որոնց պատասխանները մեծերը չունեն:
Այս հոդվածները պատրաստվել են «Ապաքինում կոլեկտիվ տրավմայից» նախաձեռնության շրջանակներում, որն իրականացվում է «Ինդի Փիս» կազմակերպությունից և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այս հոդվածում ներկայացված կարծիքները բացառապես «Ինդի Փիս» կազմակերպության տեսակետներն են և չեն արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Օգտագործված տեղանունները ներկայացված են թարգմանության լեզվի տարբերակներով։