Այս շարքը հայերի և ադրբեջանցիների անհատական պատմությունների միջոցով ուսումնասիրում է 2020 թվականի 44-օրյա Լեռնային Ղարաբաղի պատերազմին հաջորդած կոլեկտիվ տրավմա երևույթը, դրա դրսևորման եղանակները և դրա ազդեցությունը շարունակվող հակամարտության դինամիկայի վրա։ Ամփոփիչ գլխում Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի պատճառով տեղահանված կինը փորձում է համակերպվել այդ հակամարտության թողած անձնական, էմոցիոնալ սպիավորված վերքերի հետ, ինչպես նաև խոսում է այն մասին, թե ինչ կարող է նշանակել վաղուց կորցրած տուն վերադարձը։
Զրուցակիցս ուսուցչուհի է: Ասում է, որ երբեք չի հետաքրքրվել քաղաքականությամբ, բայց քաղաքականությունն ինքն է ներխուժել նրա կյանք և նրա անձնական ճակատագիրն անցկացրել սեփական մաղով:
Ասում է, որ իրեն հաջողակ է համարում, քանի որ իր սիրելիներից ոչ մեկին չի կորցրել ոչ առաջին, ոչ երկրորդ պատերազմում, բայց այդքան անարդարության և վշտի ականատես լինելով՝ զգում է, որ ողջ տեսածը պարփակել է իր ներսում և կրում է իր մեջ այս 30 տարիների ընթացքում: Այս հուզական ծանր բեռը փոխել է նրա ողջ կյանքը և ազդել ինքնազգացողության, ուրիշների նկատմամբ վերաբերմունքի վրա և ինչ-որ կերպ նույնիսկ կաթվածահար արել կյանքը վայելելու կարողությունը:
Առաջին պատերազմից առաջ Ֆիզուլիում էր ապրում: 26 տարեկան էր, նոր էր ամուսնացել, տեղափոխվել ամուսնու հետ մի փոքրիկ բնակարան, երբ սարսափելի լուրեր սկսեցին տարածվել Խոջալուի վերաբերյալ: Ասում է, որ ԶԼՄ -ներում այդ մասին ոչինչ չկար, լուրը բերանացի էր փոխանցվում: Շատերը թողեցին ամեն ինչ և հեռացան, բայց ո՛չ նա, ո՛չ ամուսինը չցանկացան լքել իրենց գողտրիկ անկյունը, որի վերանորոգման և ձևավորման համար այդքան ջանք էին գործադրել: Գնալու տեղ էլ չունեին: Թեև երկու մորաքույրները Բաքվում էին բնակվում, նրանցից մեկն արդեն ընդունել էր 13 հոգու, իսկ մյուսը «բոլոր հարազատներից վիրավորվածության» դերի մեջ էր մտել՝ ըստ երևույթին նրանց ներհոսքը թույլ չտալու համար:
Այդ ժամանակ սկեսրայրն իր հին Մոսկվիչով անհետացավ: Սկեսուրն արագ և լավատեսորեն արձագանքեց՝ ասելով. «Եթե նա ողջ է, անպայման կվերադառնա, նա այնպիսի մարդ է, որ կարող է լեզու գտնել հայերի հետ»:
Երկու շաբաթ անց նրա փրկագինը պահանջող զանգերը սկսվեցին: Շատերն էին իրենց ընտանիքի նման վիճակում հայտնվել։ Մարդիկ եկել էին սահմանամերձ տարածքներ` իրենց անհայտ կորած հարազատներին փնտրելու, նրանց գտնելու կամ գոնե նրանց մասին լուր առնելու հույսով: Այս տարածքում ասեկոսեներով փոխանակումը բուռն էր. բոլորը, կարեցածին չափով, միմյանց պատմություններ էին հաղորդում: Մի քանի ամիս անց սկեսրայրին կարողացան փոխանակել հայ սպայի հետ, և 30 տարի անց խոսակիցս նույնիսկ հիշում է նրա անունը` Ալեքսանդր:
Երբ սկեսրայրը վերադարձավ տուն, քիչ էր խոսում, հատկապես հարսի հետ: Բայց մի օր լսեց ընկերների հետ զրույցը և համոզվեց, որ սկեսրայրն իսկապես կարողանում է բանակցել բոլոր իրավիճակներում: Երբ հայ զինյալները սկեսրոջը գերի էին վերցրել, նրա ոսկե ատամնաշապիկները քաշել են, բայց նա կարողացել է բանակցել՝ խնդրելով ատամնաշապիկները վերադարձնել, իսկ ոսկե շրջանակը պահեն իրենց:
Վստահ է, որ գերության մեջ սկեսրայրը ծանր փորձությունների միջով է անցել: Նա ուխտել էր ազատ արձակվելու դեպքում ծնկաչոք հասնել տուն՝ ի նշան Ամենակարողին շնորհակալության: Սկեսրայրը լռում էր տառապանքների մասին, բայց սիրում էր պատմել, թե ինչպես է իրենց հին հարևան հայի՝ Միշայի որդին իրեն ճանաչել բանտում և թաքուն հաց բերել:
Երբ իմացան, որ կինն արդեն հղի է, որոշեցին հեռանալ Ֆիզուլիից. այսօր նա ունի երեք մեծահասակ երեխա, ընդ որում, բոլորն էլ տարբեր քաղաքներում և երկրներում են ծնվել։ Այս տարիների ընթացքում այս կինը զբաղվել էր իր երեխաներով և դասավանդել, նա միտումնավոր զսպել է քաղաքական և հասարակական կյանքի նկատմամբ ցանկացած հետաքրքրություն, որպեսզի մեկ անգամ ևս իրեն տրավմայի չենթարկի, քանի որ կարծում էր, որ դա իրեն խաղաղություն և հոգու հանգստություն կբերի: Միայն Ֆիզուլիի բնակիչների հետ հանդիպելիս էր ակտիվ զրույցի բռնվում՝ քննարկելով անցյալի մանրամասները` իր փողոցը, խաչմերուկում գտնվող մեծ թթենին, յասամանի հատուկ գույնն ու բույրը և այլն:
Բոլորը կարոտում են Ֆիզուլին, այդ թվում՝ խոսակցիս ամենամոտ դպրոցական հայ ընկերուհին, որը երկար ժամանակ է, ինչ Մոսկվայում է ապրում և ում հետ երբեմն այս կինը կապ է պահպանում «Օդնոկլասնիկի»-ով: Մի անգամ նա ասաց. «Թող անիծվեն մեր փոքրիկ քաղաքում մեր երջանիկ կյանքից մեզ զրկողները»: Այս կինը կարծում է, որ դասընկերուհու անեծքը հայ ազգայնականներին էր ուղղված։
2020թ․ սեպտեմբերին, երբ սկսվեց երկրորդ պատերազմը, նրա աչքի առջև հառնեցին առաջին պատերազմի բոլոր մանրամասներն ու ամենավառ պատկերները, և կրկին ամբողջ մարմնով սարսռաց անկանխատեսելիության տագնապից: Բոլոր զգացողությունները վերադարձել էին, կարծես այս պատերազմը երեկ էր և կարծես երկու պատերազմները բաժանող 30 տարիները չէին էլ եղել։
Ինչպես ինքն է ասում, ամեն ինչ բացարձակապես նույնն էր, պարզապես այն պատերազմում իր դասընկերներն էին զոհվում, այս մեկում՝ իր երեխաների դասընկերները:
Աղոտ է հիշում նոյեմբերի 10-ի երեկոն, երբ քույրը զանգահարեց իրեն՝ հորդորելով շտապ միացնել հեռուստացույցը և լսել հաղթանակի մասին նախագահի ելույթը: Հիշում է միայն, թե ինչպես էր գիշերվա երկուսին դուրս եկել և մինչև առավոտ թափառել Բաքվում: Սա ազատագրման գիշեր էր, այն գիշերը, երբ թույլ տվեց ինքն իրեն խոստովանել, որ շարունակ մտքով եղել է այն անհետ կորածների հետ, որ թափառում էին Ֆիզուլիում՝ իրենց երեխաների և հարազատների մասին գոնե ինչ-որ լուր իմանալու հույսով, և այս 30 տարիների ընթացքում ինքն իրեն թույլ չէր տվել երջանիկ զգալ:
Հիմա տխուր է, որ հաղթանակի դիմաց թանկ գին է վճարվել, և եթե առաջին պատերազմում շատ անհետ կորածներ կային, ապա այս պատերազմում շատ էին վիրավոր և հաշմանդամ դարձած երիտասարդները: Նրա համար ակնհայտ է, որ այդ երիտասարդ տղաների բերած հաղթանակը նրանց չի տվել ազատագրման այն նույն զգացումը, ինչ ինքն է զգում այսօր և փորձում է թաքցնել բոլորից: Նա նույնիսկ ամաչում է գրկել որդուն՝ իմանալով, թե քանի մայրեր երբեք չեն կարողանա գրկել իրենց որդիներին: Միևնույն ժամանակ, փորձում է օգնել պատերազմից տուժածներին, բայց հասկանում է, որ իր հնարավորությունները բավականին սահմանափակ են, և որ անհրաժեշտ են լավ պատրաստված մասնագետներ, արձագանքի ճիշտ գործող համակարգ, որպեսզի փրկեն այս տղամարդկանց, օրինակ, ընկերուհու ամուսնուն, որը պատերազմից վերադառնալուց հետո, ընդհանրապես չի խոսում, և գլուխը խփում է մահճակալին:
Այսօր, պետական ծրագրի շրջանակներում, կազմվում են Ֆիզուլի վերադարձողների և այնտեղ բնակություն հաստատողների ցուցակները: Գրանցվել են իրեն ծանոթ բոլոր ֆիզուլիցիները, բացի մի կնոջից։
Հոգին ջերմացնում և հանգստություն է պատճառում այն միտքը, որ իր քաղաքը հետ են վերցրել և աշխատում են վերադարձի հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ: Բայց զգում է, որ վերադառնալով՝ գուցե մեծ հիասթափություն ապրի, քանի որ տարիներ առաջ այնտեղ թողածն արդեն վաղուց չկա: Եվ հասկանում է, որ այս բոլոր տարիների ընթացքում կրել և մտքում փայփայել է քաղաքի հետ միասին անցյալը վերադարձնելու հույսը:
Նա ասում է, որ սա այլ քաղաք է լինելու, ոչ թե իր մանկության և պատանեկության քաղաքը, որին կարոտում էր երեք տասնամյակ: Եվ նա չգիտե, թե ինչպես է ապրելու այնտեղ, բայց անպայման ցանկանում է փորձել. միգուցե այնտեղ գտնի երկար սպասված խաղաղությունը:
Այս հոդվածները պատրաստվել են «Ապաքինում կոլեկտիվ տրավմայից» նախաձեռնության շրջանակներում, որն իրականացվում է «Ինդի Փիս» կազմակերպությունից և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այս հոդվածում ներկայացված կարծիքները բացառապես «Ինդի Փիս» կազմակերպության տեսակետներն են և չեն արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Օգտագործված տեղանունները ներկայացված են թարգմանության լեզվի տարբերակներով։