fbpx

Become an OC Media Member

Support independent journalism in the Caucasus: Join today

Become a member

Կորած երեխաները. նրանք բացակայում են Հայաստանի դպրոցներից

(Արմինե Ավետիսյան /OC Media)

Հայաստանում կան դպրոցահասակ հարյուրավոր երեխաներ, որոնք դպրոց չեն հաճախում։ Մինչ որոշ երեխաներ ծնողներին օգնելու նպատակով աշխատում են, մյուսները գենդերային վերաբերմունքի զոհ են դարձել։ Գյուղերում, որտեղ սեռով պայմանավորված աբորտների հետևանքով ընդամենը մեկ կամ երկու դպրոցահասակ աղջիկ կա, ծնողները երբեմն պնդում են, որ իրենց աղջիկը չպետք է սովորի մի դասարանում, որ միայն տղաներից է կազմված։

13 ամյա Դավիթը (անձնական տվյալները փոխված են) վերջին անգամ դպրոցում եղել է 3 տարի առաջ։ Հասցրել է սովորել գրել-կարդալ և կարողանում է գումարում-հանում անել։

«Կարևորը հաշվել գիտեմ, իմ գործի դեպքում դա շատ կարևոր է։ Թե մի թվում սխալվեմ, օրվա արածս գործը իզուր կլինի», — ասում է տղան, ով 2 տարի է զբաղվում է շշերի առք ու վաճառքով։

Դավիթի ընտանիքը սոցիալապես անապահով է, ծնողները գործազուրկ են։ Ապրում են Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Հայրը քաղաքում տեղադրված մեծ աղբամաններից ապակյա տարաներ է հավաքում, մայրը լվանում է, իսկ ինքը հանձնում տարաների ընդունման կետում։

«Տարաների գները տարբեր են։ Կախված նրանից, թե ինչ ծավալ կամ տեսք ունի։ Կա 5 դրամանոց, կա 200–250 դրամանոց։ Օրինակ երեք լիտրանոց տարան արժե մոտ 250 դրամ։ Բայց դե նման տարաներ շատ չեն հանդիպում, հայրս հիմնականում տուն է բերում գարեջրի և օղու շշեր, դրանց գինն էլ տատանվում է 10ից 20 դրամի սահմաններում», — ասում է Դավիթը և հավելում, որ եթե օրը բարեհաջող է լինում ընտանիքը մեր օրում կարողանում է մոտ 1 000 դրամ վաստակել։

Ապակյա տարաներ հավաքելը Դավիթի ընտանիքի միակ աշխատանքը չէ։ Մայրը աշխատում է մաքրուհի քաղաքի խանութներից մեկում, իսկ հայրը բանվորություն է անում, երբ լինում է աշխատանքի առաջարկ։

«Ես հորս շատ եմ օգնում, երբ գործը շատ է լինում, ես գնում եմ հետը և արագ է վերջացնում և երկրորդ բանվոր վարձելու փոխարեն ինձ են վճարում։ Փող է պետք։ Եթե ես դպրոց գնամ, ծնողներս չեն կարողանա մենակ բավական գումար վաստակեն։ Բայց իրենք ինձ պարբերաբար ստիպում են, որ դասի գնամ, ես կամովի չեմ գնում, դպրոցը իմ խելքի բանը չէ, անիմաստ ժամանակ էի անցկացնում, ուսուցիչների ասածներից բան չէի հասկանում», — ասում է տղան։

Ըստ ՀՀ վիճակագրական ծառայության տվյալների՝ 2015–2016 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական դպրոցներում ուսումն անավարտ թողած աշակերտների թիվը եղել է 302, որից 191 աշակերտ սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով չի հաճախել դպրոց, 87 աշակերտի ծնողը չի ուղարկել կամ թույլ տվել, իսկ մնացածը հաշմանդամություն ունեցող երեխաներ են։

Բարձր ցուցանիշներ, ի տարբերություն պաշտոնապես ներկայացվածի

«Հայաստանում կա կրթությունից դուրս մնացած երեխաների երեք խումբ. Առաջինը «տեսանելի երեխաներ» են, դա այն դեպքն է, երբ երեխան դպրոց է ընդունվում, սակայն որոշ ժամանակ անց դադարում է այնտեղ հաճախել, երկրորդ այն երեխաներն են, ովքեր երբեք դպրոց չեն հաճախել, բայց ընդգրկված են որևէ տեղեկատվական բազայում, օրինակ՝ սոցհամակարգում։ Իսկ երրորդ խումբը «անտեսանելի երեխաներն են», որոնք որևէ տեղեկատվական համակարգում ընդգրկված չեն», —  ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը։  

Առհասարակ, Հայաստանում դեռևս գոյություն չունի դպրոց չհաճախող երեխաների հաշվարկման հստակ մեխանիզմ։ Շատ հաճախ հասարակական կազմակերպությունները բարձացնում են այն փաստը, որ դպրոց չհաճախող երեխաների թիվն իրականում շատ ավելի մեծ է, քան ներկայացվում է պաշտոնապես։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում հետազոտություն է իրականացրել՝ հասկանալու այդ երեխաների հիմնախնդիրը Հայաստանում։ Հետազոտվել է Լոռու մարզը, որտեղ հայտնաբերվել է կրթությունից դուրս մնացած 228 երեխա։ Տարածաշրջանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ստեղծվել է դպրոց չհաճախող երեխաների հայտնաբերման և արձագանքման էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն կտա իրականացնել բացակայությունների մշտադիտարկում՝ տրամադրելով համապատասխան տվյալներ իշխանություններին։

Տոնական ծախսերը ուսումից կարևոր են

«Հազար անգամ ուսուցիչ ու սոցիալական աշխատողներ են եկել իմ հետևից, ինձ հաշվառում են, որ տանեն դպրոց։ Բայց դա ստիպողաբար չէ։ Հատկապես տոներին ընդառաջ ես դպրոց գնացողը չեմ։ Տոնական սեղանի համար անհարժեշտ ապրանքները ո՞վ պետք է գնի, եթե ոչ ես», — ասում է Դավիթը՝ մեծին վայել լրջությամբ ու պատասխանատվության զգացումով։

Դավիթը հաշվարկել է, որ միայն Նոր տարվա համեստ տոնական սեղան ունենալու համար իրենց անհրաժեշտ է մոտ 100 հազար դարմ (205 դոլար) գումար, ինչը միայն ծնողների աշխատանքով չեն կարող վաստակել։

«Էլ չասեմ, որ փոքրիկ քույր ունեմ։ 9 տարեկան է։ Նա դեռ փոքր է, հավատում է, որ Ձմեռ պապ գոյություն ունի ու նամակ է գրում, նվերներ է ուզում։ Քույրիկիս ցանկացած յուրաքանչյուր խաղալիք գնում եմ։ Ես նրան պաշտում եմ, ինքը պետք է ամենալավն ունենան ու ոչ մեկից չտարբերվի իր հագուստով ու ունեցածով», — ասում է տղան։

Ի տարբերություն Դավիթի, նրա քույրը դպրոց է հաճախում։ Ծնողների հավաստմամբ՝ ուսման մեջ առաջադեմ է։

«Դավիթը երբեք սովորել չի սիրել, ստիպելով դպրոց էինք տանում, երեք տարի հազիվ դիմացավ։ Աղջիկս այլ է, լավ է սովորում, երազում է բժշկուհի դառնալ, հիմա երեքով աշխատում ենք, որ գոնե նրա երազանքը իրականան», — ասում է Դավիթի մայրը։

Գյուղի միակ աղջիկը

Հայաստանում շատերն են պնդում, որ աղջիկը պետք է լավ սովորի, բարձրագույն կրթություն ստանա և դիպլոմավորված մասնագետ լինի, որպեսզի պսակվելուց անպայման դիպլոմը հետը ամուսնու տուն ուղարկեն՝ որպես ավանդական օժիտի անբաժան մաս։

Այնուամենայնիվ, կան որոշ աղջիկներ, ովքեր դպրոցում կրթություն ստանալու հնարավորություն չունեն։

«Իմ աղջիկը շատ խելացի է, սիրում է գրել-կարդալ, 5 տարեկանից տառերն ու թվերը վարժ գիտեր, համոզված եմ՝ ինչ մասնագիտություն էլ ընտրի՝ պահանջված մասնագետ է լինելու», — ասում է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում բնակվող 7 ամյա Գայանեի հայրը (ընտանիքի տվյալները փոխված են)։

Աղջկա գիտելիքներով այսօր, սակայն, կարող են հիանալ միայն հայրն ու մայրը։ Աղջիկը դպրոց չի հաճախում։ Ծնողները միասին են եկել այդ որոշման, երբ պարզել են, որ այդ տարի դպրոց ունենալու է մեկ առաջին դասարան, որտեղ սովորելու են մի քանի տղաներ և իր աղջիկը։

«Մեր գյուղում աղջիկ երեխայի դիֆիցիտ է։ Տղաներն են շատ։ Ինձ դուր չի գալիս, որ աղջիկս մենակ աղջիկ լիներ դասարանում, ինքը շատ նուրբ երեխա է, տղաները իրեն կվիրավորեն, ցավացնեն, համ էլ ինքը կարող է տղայավարի մեծանա տղաների շրջապատում, էլ չասեմ, որ ինձ պետք չէ, որ աղջիկս հայտնվի տղաների ուշադրության կենտրոնում», — ասում է տղամարդը։

Գայանեի հայրը համոզված է, որ եթե աղջկան դպրոց տաներ, ապա նա ավելի շուտ «կհասունանար»։

«Սիրահարվել, ընկերություն անել… դա կա բոլոր տեղերը։ Հիմա քանի որ իմ աղջիկը միակն է լինելու դասարանում, իր կողքն էին բոլոր ինտրիգները տեղի ունենալու։ Դա մեր ընտանիքին վայել չէ, հաջորդ տարի դպրոց կուղարկեմ, բայց քաղաքում», — ասում է Գայանեի հայրը, ով արդեն ընտրել է համապատասխան դպրոցը, որտեղ ավելի շատ աղջիկներ են սովորելու, իսկ մինչ այդ տանը երեխայի հետ ամեն օր դաս են անում դպրոցական դասագրքերով՝ հույս ունենալով, որ երեխան կկարողանա միանգամից երկրորդ դասարան նստել և տարեկիցներից հետ չմնալ։

Աղջիկ չկա, որ դպրոց ուղարկեն

«Հայաստանի հեռավոր գյուղերի դպրոցներում կան դասարաններ, որտեղ սովորում բացառապես տղաներ։ Այդ գյուղերում դպրոցական տարիքի աղջիկներ կամ չկան, կամ քիչ են և նրանց ծնողները չեն ցանկանում, որպեսզի իրենց աղջիկները միևնույն դասարանում լինեն միայն տղաների հետ», — ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։

Ըստ Հայրապետյանի՝ հատկապես Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում խնդիրն առավել ակնառու է։ Այստեղի գյուղերի տարբեր դասարաններում կամ սովորում են ընդամենը մեկ-երկու աղջիկ, կամ ընդհանրապես չկան աղջիկներ։

«2013 թվականին, երբ այս տարածաշրջանում ծրագիր էինք իրականացնում, արդեն իսկ պարզ էր, որ մենք առաջիկայում նման խնդիր ենք ունենալու։ Սեռով պայմանավորված աբորտների ամենաբարձր ցուցանիշը հենց այս մարզերում են։ Եթե ամբողջ հանրապետությունում 100 աղջկա դիմաց լույս աշխարհ էր եկել 112 տղա, ապա 5 տարի առաջ այստեղ 124 տղա և 100 աղջիկ հարաբերակցությունն էր», — ասում է Հայրապետյանը։

[Կարդացեք  OC Media-ում՝ Հայ ծնողները երազում են տղա երեխա ունենալ]

ՄԱԿ-ում պաշտոնական տվյալներ դեռ չկան, թե որ տարածաշրջանում քանի աղջիկ երեխա ծնողների արգելմամբ դպրոց չի հաճախում, սակայն քայլեր են ձեռնարկում ամբողջական պատկեր ստանալու համար։

«Ես խոսում եմ հիմա վիզուալ տպավորության մասին, երբ մտնում ենք հատկապես Գեղարքունիքի մարզի դպրոցներ, այնտեղ շատ քիչ ենք հանդիպում աղջիկների։ Հետաքրքրվել ենք, թե ինչու չկան աղջիկներ, մեզ ասում են, որ օրինակ գյուղում կա մեկ աղջիկ տվյալ դասարան այցելելու համար, սակայն ծնողը արգելում է։ Ես հիմա չեմ կարող անուններ նշել, որովհետև անձի գաղտնիության հարց կա, շատ դեպքերում մեզ էլ անուն չեն տալիս։ Խնդիրը շատ լուրջ է, առաջիկայում զբաղվելու ենք դրա լուծմամբ», — ասում է Հայրապետյանը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը կառավարությանն է ներկայացրել մի ծրագիր, որով նախատեսվում է հատուկ աշխատանքներ տանել մարզերում և պարզելու, արդյոք իրականում կան ընտանիքներ, որտեղ արգելում են երեխաներին դպրոց հաճախել, հստակ տվյալներ հավաքագրել և արդեն իսկ զբաղվել խնդրի կարգավորմամբ։

Ծրագրի հաստատման դեպքում այն կմեկնարկի 2018 թվականին։