fbpx

Become an OC Media Member

Support independent journalism in the Caucasus: Join today

Become a member

Ձայն | «Իմ ձեռքերում զենքերը վերածվում են խաղաղասեր զարդերի»

Լուսանկարը՝ Անահիտ Հարությունյան / OC Media

Գյումրեցի արվեստագետ ու զարդագործ Արտակ Թադևոսյանը նոր կյանք է տալիս պարկուճներին։ Նա դրանք վերածում է զարդերի ու կարծում է, որ աշխարհում բոլոր զենքերը պետք է զարդեր դառնան։ 

«Ես մասնագիտությամբ նկարիչ եմ, բայց տարիներ շարունակ տարբեր աշխատանքներ եմ կատարել՝ մանրածախ առևտրից մինչև արտագնա աշխատանքի մեկնել, որտեղ տների հարդարման աշխատանքներ եմ կատարել։ Սակայն որոշեցի վերադառնալ հայրենի քաղաք Գյումրի ու ընտանիք կազմել։ Այժմ ապրում եմ ծնողներիս, կնոջս ու երկու դուստրերիս հետ»։ 

«Երկար ժամանակ տիկնոջս հետ չէինք կարող աշխատանք գտնել, Հայարփին որոշեց տիկնիկներ գործել, իսկ ես սկսեցի մետաղալարերից զարդեր պատրաստել։ Մի օր էլ զբոսանքի ժամանակ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մոտակայքից  գտանք տարբեր տեսակի փամփուշտներ ու արկեր (102-րդ ռուսական ռազմաբազան տեղակայված է Գյումրիում, պարկուճներ կարելի գտնել այն տարածքներում, որը մոտ է ռազմաբազային կամ որտեղ զորավարժություններ են անցկացրել,- հեղինակի նշում)։ Հետաքրքրության համար մի քանի հատ պարկուճ հավաքեցինք ու բերեցինք տուն, հետագայում դրանք դարձան օղեր, կախազարդեր ու մատանիներ»։ 

Արտակի կինը՝ Հայարփին։ Լուսանկարը՝ Անահիտ Հարությունյան/ OC Media
Արտակի արվեստանոցում պարկուճների, արկերի տարբեր տեսակներն են, որոնք դառնում են հումք նոր զարդերի։ Լուսանկարը՝ Անահիտ Հարությունյան/ OC Media

«Զենքերից պատրաստված մեր զարդերը անվանեցինք «ՀայԱր» (ամուսինների անունների կրճատ տարբերակով՝ Հայարփի և Արտակ— նշումը՝ հեղինակի), և կարող եմ ասել, որ մեր զարդերը ճանաչելի են ոչ միայն Հայաստանում, նաև արտասահմանում։ Եթե սկզբնական շրջանում դրանց վերաբերում էին մի փոքր տարօրինակ, ապա հիմա համարում են յուրօրինակ ու եզակի»։ 

«Սա ոչ միայն բիժուտերիա է, այլ խաղաղության խորհրդանիշ։ Ու այդ խաղաղությունը ոչ միայն արտաքին, այլ ներքին խաղաղության մասին է վկայում, որովհետև պետք է ունենալ հատուկ տրամադրվածություն, որ հնարավոր լինի այս զարդերը կրել ու գտնել ներքին ու արտաքին ներդաշնակություն»։ 

Խաղաղության կոչը

«Իմ ձեռքերում զենքերը արվեստի գործ են դառնում, խաղաղության մունետիկներ են, որ հասնում են աշխարհի տարբեր անկյուններ։ Հայսատանում շատերը հավանեցին ու սկսեցին կրել մեր զարդերը, այդ թվում ՀՀ վարչապետի կինը, դեսպաններ, պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ»։ 

Մատանիների տեսականին։ Լուսանկարը՝ Անահիտ Հարությունյան/ OC Media
ՀայԱր կախազարդեր։ Լուսանկարը՝ Անահիտ Հարությունյան/ OC Media

«Ինձ համար շատ հետաքրքիր էր, որ մեկը հարսանիքին հարսնացուին նվիրեց զենքից զարդ դարձած մատանի, մյուսն էլ նշանդրեքի օրը նշանածին նվիրեց։ Ես երբևէ չէի պատկերացնի նման մոտեցում իմ աշխատանքներին։ Իսկ ամառը, մի կին զանգեց ու երեք գործ պատվիրեց, դրանք նվիրելու էր իր ընկերուհիների նորակոչիկ տղաներին»։ 

«Հասկանում եմ, որ ես փոքր մարդ եմ ինչ-որ բան փոխելու հարցում [գլոբալ], բայց նաև ես էլ իմ կարողությունների սահմանում կարող եմ ազդել։ Իմ ձևաչափով ու իմ ջանքերով ես փորձեցի տարածել խաղաղության կոչը ու իմ զարդերը դարձան այդ կոչի մարտիկները։ Աշխատանքներս մասնակցել են տարբեր միջազգային ցուցահանդեսների՝ ներկայացնելով հայ-ադրբեջանական 30 տարի ձգվող կոնֆլիկտը»։ 

Արտակ Թադևոսյանը  օպերային երգիչ Ադամ Բարրոյի հետ։ Լուսանկարը՝ Անահիտ Հարությունյան / OC Media

«Ես խաղաղություն եմ քարոզել, բայց այն մուրացիկ խաղաղությունը չէ։ Առյուծի մեկ մռնչոցը բավարար է խաղաղություն ապահովելու համար։ Դա ագրեսիայի դրսևորում չէ, ուղղակի նա ուժեղ է ու կարող է կարգ ու կանոն սահմանել։ Ես այդ խաղաղության կողմնակիցն եմ, որ հարկավոր է հաստատել  ու  եթե պետք է նաև պարտադրել»։ 

«Թեև գտնվեցին նաև այնպիսիները, ովքեր մերժեցին զենքը զարդ դարձնելու մեր կոչը, նրանք այն կարծիքին են, որ մեր զենքերը պետք է կրակեն, որ հաղթանակ ունենանք, իսկ երբ զենքը զարդ է դառնում, կոտրում են նաև մեր զինվորների մարտական ոգին, նպաստում պարտությանը»։

«Ես չեմ հուսահատվում»

«Երբ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև սկսվեց պատերազմը, մեր ընտանիքը  առաջին օրվանից  օգնեց [փախստականներին]։ 

Հայաստանի Համահայկական հիմնադրամին ես փոխանցեցի իմ 30 գործերից ստացված հասույթը՝ զինվորների սննդի, հագուստի ու անհրաժեշտ պարագաներ ձեռքբերելու համար։  Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր հիմնադրամին փոխանցել էին 20 հազար դրամից ավելի գումար, ես նվիրում էի իմ պատրաստած «խաղաղության-խաչերը»։ Աշխարհի տարբեր անկյուններից հայեր ու օտարերկրացիներ հիմնադրամին գումար էին փոխանցում, որ  ունենան պարկուճներից պատրաստված խաչերը»։ 

Արտակ Թադևոսյանի արվեստանոցը Գյումրիում։ Լուսանկարը՝ Անահիտ Հարությունյան/ OC Media

«Մենք նաև Լեռնային Ղարաբաղում մարտնչողների համար սնունդ ուղարկեցինք ու մեր հարկի տակ ընդունեցինք ղարաբաղցիների, նրանք եկել էին Մարտակերտից։ Ամեն ինչ անում էինք, որ նրանք ոչնչի կարիք չունենան։ Իրար հետ աղոթում էինք, սպասում։ Պատերազմից հետո, երբ իմացան, որ իրենց գյուղն էլ են հանձնել [Ադրբեջանին], այդ ժամանակ շատ դժվար էր։ Հիմա վերադարձել են Արցախ, բայց ապագան նրանց համար անորոշ է, տուն չունեն, սպասում են»։  

«Պատերազմի 44 օրերի ընթացքում ես չկարողացա ոչ մի զարդ պատրաստել։ նոյեմբերի 10-ին, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվեց հրադադարի համաձայնագիրը, ինձ համար ահավոր ծանր օր էր՝ լի հիասթափությամբ, վախով, վտանգներով ու հուսահատությամբ։ Ստեղծագործելը շատ բարդ էր ու իմ խառը, անհանգիստ մտքերը թույլ չէին տալիս ինձ աշխատել, պատվերները մնացել էին անավարտ»։ 

«Հենց պատերազմի օրերին, տարիներով դադարից հետո սկսեցի նկարել։ Պատերազմը ստիպեց իմ ներքին հոգեվիճակը հանձնել վրձնին։ Հիմա նայում եմ իմ նկարներին ու տեսնում եմ պատերազմի գույները՝ մեկ արյունով, մեկ  զարույթի  ու խաճապի երանգներով լեցուն, մեկ էլ հավատով լի»։  

«Հիվանդանոցները գնալով, տեսնելով մեր վիրավոր, անդամահատված ու ֆոսֆորային վնասվածքներով տղաներին, հասկացա, որ նրանք ուշադրության, քաջալերանքի, ներքին ու արտաքին խաղաղություն գտնելու կարիք ունեն։ Ես նվիրել եմ նրանց իմ զարդերը՝  արտահայտելով իմ երախտիքը հայրենիքը պաշտպանելու համար։ Լիահույս եմ, որ դրանք կօգնեն հաղթահարել կյանքի նոր դժվարություններն ու գտնել խաղաղություն ու ներդաշնակություն»։ 

Լուսանկարը՝ Անահիտ Հարությունյան / OC Media

«Ես հասկանում էի, որ պատերազմ է, մահն անխուսափելի է, կռիվ էլ պիտի լինի, վիրավորներ էլ, բայց․․․ 1915թ․-ին, երբ հայերին կոտորում էին (հայերի ցեղասպանությունը նկատի ունի- հեղինակի նշում), մենք մտածում էինք,  որ պետություններին ուշ է հասել այդ լուրը։  Բայց այս անգամ բոլորը գիտեին ու լուռ էին։ Իմ ներքին կռիվը  հենց այդտեղից էր սկսվում, արդյոք  թվացյալ  մարդասեր  աշխարհը իրոք խաղաղասե՞ր է ու քարոզում է խաղաղություն, ինչպես ե՞ս, թե՞ ամեն ինչ միայն թվացյալ է ու լուռ»։ 

«Բայց ես չեմ հուսահատվում, շարունակելու եմ  պարկուճներն ու արկերը վերածել խաղաղասեր զարդի ու խաղաղության իմ տարբերակը առաջարկել աշխարհին»։