fbpx

Become an OC Media Member

Support independent journalism in the Caucasus: Join today

Become a member

Եզդի աղջիկներից ու տղաներից շատերը չեն ավարտում դպրոցը

(Գայանե Մկրտչյան /OC Media)

Հայաստանի արևմտյան հատվածում գտվող եզդիաբնակ գյուղերում շատ աղջիկներ և տղաներ չեն հասցնում ավարտել դպրոցը։ Ընտանիքները աղջիկների համար «մեծ ողբերգություն» են համարում մինչև 18 տարեկան չամուսնանալը, տղաների դեպքում էլ նախընտրում են, որպեսզի նրանք սկսեն աշխատել վաղ տարիքից, այսպիսով թեթևացնելով ընտանիքների տնտեսական ծանր բեռը։

Այնուհանդերձ Հայաստանի եզդիական համայնքում կան մարդիկ, ովքեր մարտահրավեր են նետում համայնքում ձևավորված կարծրատիպերին, ավելի լավ նախապայմաններ ստեղծելով հետագա սերունդների համար։

Էսթեր Սադոյանը և Ասյա Օրուջուլյանը սովորում են իններորդ դասարանում։ Էսթերը մտածում է բժիշկ դառնալու մասին, իսկ Ասյան երազում է աշխատել գեղեցկության սրահում։ Սակայն Ֆերիկ գյուղում կրթությանը հաղթում է ավանդույթը։

«Մեր ավանդույթները խանգարում են աղջիկներին, նրանք հազիվ հասցնում են մինչև իններորդ դասարան, դրանից հետո ամուսնանում են, շատերը ավելի վաղ են գնում այդ քայլին։ Մենք, որ ազգովի քիչ ենք, այդ պատճառով էլ շուտ ենք ամուսնացնում մեր աղջիկներին, որպեսզի մեր թիվը ավելանա», — OC Media-յին ասում է Ռուստամ Հասանյանը։

Հասանյանը դասավանդում է Ֆերիկի դպրոցում եզդիերեն լեզու և գրականություն։ Նա նաև նույն գյուղի համայնքապետն է։ Գյուղը, որը եզդիաբնակ է, գտնվում է Արմավիրի մարզում, Երևանից 35 կմ հեռավորության վրա։

Եզդի բանաստեղծ «Ռզալե Ռաշիդի» անունը կրող դպրոցը հիմնական է, և իններորդ դասարանը ավարտելուց հետո երեխաները պետք է շարունակեն ուսուցումը հարևան գյուղերի ավագ պրոցներում, սակայն դա հաճախ տեղի չի ունենում։

Գյուղի 46 աշակերտներից՝ 28-ը տղաներ են, 18-ը՝ աղջիկներ։ Իններորդ դասարանի աղջիկներից մեկն արդեն չի հաճախում դպրոց։ «Ավանդույթի» պատճառով նրան արդեն համարում են պատրաստի հարսնացու։

Դպրոցը Ֆերիկում (Գայանե Մկրտչյան /OC Media)

Ֆերիկի դպրոցի տնօրեն Լևոն Պողոսյանը ասում է. շատ լավ ծանոթ է համայնքի ավանդույթներին։ Ըստ նրա՝ 10-15 տարի առաջ աղջիկներին ամուսնացնում էին անգամ 15-16 տարեկանում, իսկ եթե եզդի աղջիկը մինչև 18 տարեկան չի ամուսնանում, ապա նրան համարում են տանը մնացած, ինչն էլ ողբերգություն է ընտանիքի համար։

«Եզդի աղջիկների կրթությունը Ֆերիկում սահմանափակվում է իններորդ դասարանով, հաճախ լինում են դեպքեր, երբ աղջիկներն անգամ ավելի շուտ ամուսնանալով, հեռանում են դպրոցից», — ասում է նա։

Անցյալ տարի Սինջար եզդիների ազգային միավորումը իրականացրել էր «Եզդի կանանց կրթության իրավունքի խախտում»-ը ուսումնասիրությունը, որի համաձայն Հայաստանի 15 եզդիաբնակ համայնքներում 2003-2015 թվականներին դպրոց է ընդունվել 473 եզդի աղջիկ, որից 234-ը ավարտել էին 9-րդ դասարանը, 122-ը ստացել էին 12-ամյա կրթություն, իսկ 117 աղջիկ օրենքի խախտմամբ չէին ստացել անգամ 9-ամյա կրթություն։

Օրենքն ընդդեմ ավանդույթների

(Գայանե Մկրտչյան /OC Media)

Կանանց կրթության ճանապարհին հայտնված հիմնական խոչընդոտներից մեկը վաղ ամուսնություններն են։ Ինչպես և շատ ավանդույթներ, վաղ ամուսնությունները եզդիների էթնիկ ինքնության պահպանման խորհրդանիշն են։

Եզդիների կրթական և սոցիալական հարցերով զբաղվող «Շամս» կազմակերպության ղեկավար, արևելագետ Ռուստամ Բաքոյանը նշում է՝ հաճախ Եվրոպայի ու Ռուսաստանի եզդիները գալիս են և հարսնացու ընտրում Հայաստանի եզդիական համայնքից։

«Նրանք վստահ են ու համոզված, որ իսկական եզդի աղջկան կարող են գտնել հենց այս համայնքում, որտեղ դեռևս պահպանվում են եզդիական ավանդույթները։ Սա վաղ ամուսնությունների պատճառներից մեկն է», — ասում է նա։

Վերջին 2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ երկրում ապրում է 40 620 եզդի։ 23 կոմպակտ եզդիաբնակ գյուղերը գտնվում են Արագածոտնի մարզում, սակայն եզդիները Հայաստանում ապրում են նաև Արմավիրի, Արարատի, Շիրակի ու Լոռու մարզերում։

65-ամյա Թառլան Հասոյանը ապրում է Արագածոտնի մարզի Ռիա Թազա գյուղում։ Նրա այտերը գյուղական արևից կարմրել ու շողշողում են։ Սև, ամուր կապած գլխաշորով, ոսկե գնդիկավոր ականջօղերով ու երկար սև զգեստով նա ամբողջացնում է եզդի կնոջ կերպարը։ Խոսում է ինքնավստահ՝ տուրք տալով ազգային սովորույթներին։

«Եզդի կնոջ կոչումն է՝ամուսնանալ, լավ կին, լավ մայր դառնալ, ընտանիքի մասին հոգ տանել, կով կթել…իսկ տղամարդուն պետք ա հարգել։ Տղամարդը էն կողմից, որ գալիս ա՝պետք ա հելնես կանգնես, տղամարդու հետ հաց չպետք ա ուտես, էդ ա հարգանքը», — ասում է նա։

Նույն գյուղից 38-ամյա Սոնա Ասլոն ասում է, որ իր աղջկան նշանել է 14 տարեկանում, այդպես որոշել էին ինքն ու սկեսուրը, շարժվել են ադաթով, քանի որ փեսացուն էլ կարգին ընտանիքից էր։

«Ես էլ եմ ամուսնացել 15 տարեկանում, ի՞նչ անենք։ Աղջիկս էլ մեզ է լսում, սովորելը նրա ինչին է պետք», — ասում է չորս երեխաների մայր Սոնա Ասլոն։

Ավանդույթի զոհ են դառնում ոչ միայն աղջիկները

Ասյա Օրուջուլյան (Գայանե Մկրտչյան /OC Media)

Հայաստանի եզդիական համայնքում կրթական խնդիրները առկա են ոչ միայն աղջիկների համար։ Ռուստամ Բաքոյանը համոզված է, որ իրենց համայնքում խախտվում է նաև տղաների կրթության իրավունքը, չնայած աղջիկների համեմատ նրանք գոնե ավարտում են իններորդ դասարանը։

«Նայեք մեր համայնքը 40 000 է։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորում է 40 000 ուսանող, ինչը նշանակում է, որ ընդամենը 0,1 տոկոսն է մեր երիտասարդների ստանում բարձրագույն կրթություն», — ասում է նա։

Ըստ Բաքոյանի տղաները ամուսնանում են 21 տարեկանում, երբ վերադառնում են բանակից։

«Իհարկե լինում են դեպքեր, երբ ամուսնանում են անգամ 16-17 տարեկանում։ Հայերի մոտ նույնպես եղել է վաղ ամուսնությունների խնդիրը, սակայն ունենալով պետություն, հայերը շատ արագ զարգացան։ Մեր դեպքում, մենք ավելի փակ համայնք ենք և վախենում ենք ձուլման վտանգից», — ասում է Բաքոյանը։

Եզդիները Հայաստանում ապրում են հիմնականում գյուղերում և զբաղվում են անասնապահությամբ։ Ծնողներին հաճախ ձեռնտու չի լինում, որպեսզի տղաները շարունակեն ուսումը, քան որ այդ պարագայում նրանք չենք կարողանում մասնակցություն ունենալ տնային աշխատանքներում։ Ըստ Բաքոյանի՝ տղաները հիմնականում սկսում են օգնել ընտանիքներին անասնապահական և գյուղատնտեսական աշխատանքներում, կամ էլ նրանց ուղարկում են արտագնա աշխատանքի դեպի Ռուսաստան։

«Եզդիների մեծ մասը չեն արժեվորում կրթությունը։ Նրանց համար ավելի կարևոր է, որ տղաները աշխատեն, որպեսզի կարողանան լուծել ընտանիքի տնտեսական խնդիրները։ Հենց այդ պատճառով էլ շատերին ուղարկում են Ռուսաստան», — ասում է Բաքոյանը։

Նույն տեսակետն ունի նաև Լևոն Պողոսյանը։ Նա նշում է, որ տղաների համար կրթությունը սահմանափակվում է իններորդ դասարանով։

«Ծնողների համար միևնույնն է երեխաները ստանում են կրթություն, թե ոչ։ Տարիներ շարունակ ես աշխատում եմ այս դպրոցում, չեմ հիշում մի դեպք, որ նրանցից մեկը շարունակած լինի ուսումը համալսարանում», — ասում է նա։

Նոր ժամանականեր են գալի՞ս

Սակայն իրավիճակը կարող է փոխվել։ Այս տարի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Հանրակրթության մասին» օրենքի այն պահանջը, համաձայն որի հանրապետությունում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր։ Այսինքն 9-րդ դասարանից հետո աշակերտը կրթությունը պարտադիր պետք է շարունակի ավագ դպրոցում կամ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Այն ծնողները, կամ նրանց փոխարինող անձինք, ովքեր պատասխանատու են երեխաների դաստիարակության և կրթության համար, երեխաների կրթությանը խոչընդոտելու դեպքում տուգանվելու են սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով։

Ռուստամ Հասանյան (Գայանե Մկրտչյան /OC Media)

Այս տարի սեպտեմբերին «Սինջար» կազմակերպությունը հարցում էր անցկացրել Արմավիրի ու Արագածոտնի մարզերում, ճշտելու համար թե համանքներում քանի երեխա է զրկված կրթության իր իրավունքից։

«Միայն Արմավիրի մարզի վեց գյուղերում ՝32 եզդի երեխաներ չեն հաճախում դպրոց, որոնցից 19-ը աղջիկներ են», — ասում է Բորիս Մուրազին։

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Նաիրա Սարգսյանը նշում է, որ աշխատում են այդ ուղղությամբ, սակայն ոչ մի վարչական պատասխանատվության գործընթաց դեռևս չեն սկսել։

«Պետք է կարողանանք մարդկանց հասցնել այդ գիտակցությանը, որ կրթությունը ամենակարևոր նախապայմանն է։ Այդ 32-ի մեջ կան աղջիկներ, ովքեր արդեն ամուսնացել են, հիմա մենք ինչ անենք, արդեն ամուսնացել են ու չեն կարողացել իրացնել իրենց կրթության իրավունքը»-ասում է Նաիրա Սարգսյանը։

Ֆերիկի դպրոցի տնօրենը մտավախություն ունի, որ նոր օրենքը կարող է ազդեցություն ունենալ եզդի համայնքում կարծրացած ավանդույթների վրա։

«Չեմ կարծում, որ դա կազդի, անգամ վարչական տուգանքի ենթարկելը, կարծում եմ կգտնեն ձևը դրա դեմ պայքարելու համար», — ասում է Լևոն Պողոսյանը։

Եզդիերեն լեզվով գրականության 1-12-րդ դասարանների դասագրքերի համահեղինակ Հասան Թամոյանը կարծում է, որ պարտադրանքը միշտ չէ, որ կարող է իր արդյունքը տալ։

«Մեր մտավորականությունը, պետք է լծվի այս աշխատանքին։ Ես միշտ ասում եմ, մեր նման ժողովուրդը իր փրկությունը պետք է գտնի կրթության ու լուսավորության մեջ», — ասում է Թամոյանը։

Կանոններից դուրս

Ասյա Օրուջուլյան և Էսթեր Սադոյան (Գայանե Մկրտչյան /OC Media)

21-ամյա Զուզան Մամոյանին դեռ փոքրուց է հայրը հորոդորել, որպեսզի լավ սովորի, բարձրագույն կրթություն ստանա ու լավ մասնագետ դառնա, որպեսզի ապագայում կախվածություն չունենա ոչ իրենից, ոչ եղբորից ու ոչ էլ ապագա ամուսնուց։

«Երբ մասնակցում եմ մեր համայնքային միջոցառումներին, հաճախ են ինձ ասում, որ սիրում են կրթված աղջիկների, ու դա ասում են հատկապես այն տղամարդիկ, ովքեր իրենց աղջիկներին թույլ չեն տալիս գնալ սովորելու։ Շատերն էլ դեմ են կրթություն ստացած աղջկան հարս տանել, կարծում են, որ նման աղջիկները իրենց չեն ենթարկվի», -ասում է մասնագիտությամբ լրագրող Զուզանը։

Նա նշում է, որ կան աղջիկներ, որ իսկապես ուզում են սովորել, հատկապես 12-ամյա կրթություն ստացածները, սակայն նրանց թույլ չեն տալիս։

«Իմ հորեղբոր աղջիկը՝ Լեյլան, մեծ ցանկություն ունի շարունակելու ուսումը, հիանալի նկարում է, երազում է դիզայներ դառնալ, թույլ չեն տալիս։ Նա մեկն է, ով թևեր ունի, բայց նրան թույլ չեն տալիս թռչել», — պատմում է նա։

Սակայն միայն կրթություն ստանալը Զուզանը չի համարում «տաբու» կոտրել, նա համոզված է «տաբուն» վերջանականապես կկոտրվի այն ժամանակ, երբ ամուսնությունից հետո կինը չկոտրվի, չդառնալով ավանդական տնային տնտեսուհի։

«Ես լրագորղ եմ դարձել, որպեսզի վեր բարձրացնեմ իմ համայնքի հետ կապված խնդիրները, կապ չունի, կամուսնանամ, թե ոչ, բայց ամուսնանալուց հետո էլ շարունակելու եմ իմ ակտիվ հասարակական աշխատանքը», — ասում է նա։