fbpx

Become an OC Media Member

Support independent journalism in the Caucasus: Join today

Become a member

Գյումրու երկու դեմքը

Արմինե Ավետիսյան (Արմինե Ավետիսյան /OC Media)

1998 թվականին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը հանրապետության երկրորդ քաղաքի վրա խորը հետք է թողել։ Չնայած վերակառուցման ծրագրերին, Գյումրու «ժամանակավոր», փչացած քարերը դեռեւս հազարավորների համար տանիք են։ Ու մինչ այդ ընտանիքները չեն կարողանում կոտրել աղքատության շրջապտույտը, քաղաքի կենտրոնը ստանում է թանկարժեք տեսք։

Ապրելով թշվառության մեջ

9 քառակուսի մետր բնակելի մակերես, սանհանգույցի բացակայություն, կիսախարխուլ պատեր և տանիք. Գրիգորյանների ընտանիքին պատկանող տնակը նման է Գյումրիում գտնվող մոտ 3000 այլ տնակներին, որ կառուցվել են 1988 թվականին Հայաստանի հյուսիս-արևմտյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժից հետո։

«Մեր ընտանիքը կազմավորվել է երկրաշարժից հետո, 20 տարի առաջ ենք ամուսնացել։ Մինչ ամուսնանալը մոտ 10 տարի տնակում եմ ապրել, 88-ին քանդվել էր հայրական տունս, տուն կորցրել էր նաև ամուսնուս ընտանիքը։ Մեր հարսանիքից հետո այս փոքրիկ տնակը գնեցինք՝ հույս ունենալով, որ ժամանակավոր ենք այստեղ հաստատվելու, բայց կյանքն այլ հունով ընթացավ…», — ասում է 42 ամյա Սյուզաննա Գրիգորյանը։

Առաջին երկու տարիներին զույգը չի նեղվել տնակի սուղ պայմաններից, սակայն երեխաների ծնվելուց հետո վիճակը բարդացել է։

«Երկու երեխա ունենք, 18 տարեկան տղա և 15 տարեկան աղջիկ։ Պատկերացրեք, թե ինչ բարդ է այս նեղ տնակում ապրելը։ Այն բաժանել ենք երկու մասի՝ մի հատվածում տղաս ու աղջիկս են քնում, մյուսում՝ ես ու ամուսինս։ Մեր ննջասենյակը, խոհանոցն ու հյուրասենյակը նույն սենյակն է։ Սանհանգույց էլ չունենք, դրսում հարմարեցված զուգարան ունենք, իսկ լողանալու և լվացք անելու համար ջուր ենք տաքացնում և միջանցքում կարիքները հոգում», — ասում է Սյուզաննան։

Թե նա, և թե նրա ամուսինը առողջական խնդիրներ ունեն, ուստի կորցրել են հույսը, թե կկարողանան գումար վաստակել բնակարան գնելու համար։ Սյուզաննան չի ակնկալում, որ կառավարությունը իրենց տուն կտա, քանի որ պաշտոնապես գրանցված չեն որպես անօթեւան։ Ամուսինները իրենց ունեցած ամբողջ գումարը, որ վաստակում են վառելափայտ վաճառելով, ծախսում են իրենց երեխաների համար ավելի լավ ապագա կառուցելու նպատակով։ Սյուզաննան նշում է, որ որդին է դառնալու մաթեմատիկոս, իսկ դուստրը՝ երգչուհի։

«Գյումրիում շատ են տնակներում ապրողները, այստեղ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ բնակարանը տաքացնել բնական գազով կամ հոսանքով, շատ են փայտ գնում։ Բայց փողը տալիս են աղքատության նպաստը կամ թոշակը ստանալուց հետո։ Մեզ մոտ կյանքը շատ բարդ է», — ասում է կինը։

Սյուզաննայի տնակը (Արմինե Ավետիսյան /OC Media)
Սյուզաննա Գրիգորյանը (Արմինե Ավետիսյան /OC Media)
Սյուզաննայի ամուսինը (Արմինե Ավետիսյան /OC media)

Աղքատ քաղաքը

Գյումրին գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Շիրակի մարզում՝ ամենաաղքատ շրջանում։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թվականին Շիրակի բնակչության մոտ 46%-ը համարվել է աղքատ։ Նրանք օրական ծախսում են 2,5 դոլարից պակաս։ 2017 թվականի ցուցանիշը դեռ հրապարակված չէ, սակայն դրական փոփոխություն չի նկատվում քաղաքում։

«Գյումրիում աղքատությունն ակնհայտ է։ Շուրջ 2000 ընտանիք ապրում է վագոն-տնակում, շուրջ 300 ընտանիք էլ՝ կիսաքանդ հանրակացարանային շենքերում, որոնց պայմանները ավելի վատն են, քան վագոն-տնակներինը», — OC Media-ի հետ զրույցում ասում է «Շիրակ» կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանը։

Հասարակական կազմակերպությունը գործում է 2006 թվականից։ Տարբեր բարերարների շնորհիվ նրանք կարողացել են բնակարան նվիրել տասնյակ անօթևանների, յուրաքանչյուր տարի վառելափայտ, հագուստ ու սնունդ են նվիրում Գյումրիում բնակվող աղքատ և անօթևան ընտանիքներին։

«Գյումրին այսօր երկու դեմք ունի. հետնախորշերում ստեղծված թաղամասերը կարծես բոլորովին այլ իրականություն են ստեղծել։ Այստեղ հիմնականում բնակվում է հասարակության ամենացածր խավը», — ասում է Թումասյանը։

Թումասյանի խոսքով՝ իրավիճակն իսկապես ողբերգական է, ֆինանսի բացակայության պատճառով հաճախ երեխաներ են որբանում, մայրերն էլ զբաղվում են մարմնավաճառությամբ։

Վերակառուցում կառավարության կողմից

1988 թ. Դեկտեմբերի 7-ին 6.8 մագնիտուդով երկրաշարժը ավերել է Հայաստանի հյուսիսային հատվածը։ Երկրաշարժն, ըստ պաշտոնական տվյալների, խլել է 25 հազար կյանք, հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան։ Ուղղակի նյութական կորուստները գնահատվում են շուրջ 10 միլիարդ դոլար։

Շիրակի մարզպետարանի՝ OC Media-ին տրամադրած տվյալների համաձայն՝ 1988թ. ավերվել է 20 612 բնակարան, իսկ մինչև 2016 թվականը անօթևաններին հանձնվել է 21 184 նոր բնակարան՝ 575-ով ավելի, քան ոչնչացվել էր։

Երկրաշարժից անմիջապես հետո դեռ այն ժամանակ գործող խորհրդային իշխանությունները հայտարարեցին Գյումրին 2 տարվա ընթացքում ամբողջովին վերականգնելու ծրագրերի մասին։ Բայց երբ 1991 թվականին փլուզվեց ԽՍՀՄ-ը, Գյումրիի վերակառուցման աշխատանքները դադարեցին։

Արդեն Հայաստանի կառավարությունը 1994թ․ ընդունեց աղետի գոտու վերականգնման նոր ծրագիր, ըստ որի՝ աղետի գոտու բնակավայրերը պետք է վերականգնվեին մինչեւ 2001թ․։ Ծրագիրը հաջողվեց միայն մասամբ։ Իրականացվեցին մի շարք այլ ծրագրեր, որոնք և լրացրեցին բացերը։

Բնակարանաշինության վերջին պետական ծրագիրը Գյումրիում մեկնարկեց 2008 թվականին և ընթացավ մի քանի փուլով։ Այս ծրագրի շրջանակում առաջին բնակբաշխումը տեղի ունեցավ 2010 թվականին։

Չնայած վերակառուցման ծրագրերին՝ երկրաշարժի հետեւանքով տեղահանված ընտանիքները, որոնք վերջին երեք տասնամյակների ընթացքում աճել էին, նոր կառուցված բնակարաններում չկարողացան տեղավորվել։ Ընդարձակ բնակարանների բացակայության պատճառով շատերը մնացին կամ վերադարձան տնակներ և հանրակացարանային շենքեր՝ լրացնելով աղքատության շրջապտույտը։

Թողնելով անցյալում

«22 տարի տնակում եմ ապրել։ Դժվար է պատկերացնելը, թե տնակում ապրելը ինչ տանջանք է։ Երբ մեր տունը ստացանք, ես ուրախությունից քիչ էր մնում մահանայի։ Փտած, առնետներով լցված ու միշտ կաթացող տանիքով տնից տեղափոխվել էի քարաշեն տուն, որտեղ կար նորմալ զուգարան, գազ, լույս ու ջուր», — հիշում է Կարինե Կարապետյանը։

Այդ տարի Գյումրիում շահագործման է հանձնվել 1 056 բնակարան Մուշ 2 կոչվող թաղամասում։ Ծրագրի երկրորդ փուլով կառուցվեց ևս 1 756 բնակարան։

«Տնակային թաղամասում իմ հարևանը տուն ստացավ բնակբաշխման երկրորդ փուլով։ Իրենց տունը ավելի լավ էին կառուցել՝ ավելի կոկիկ ու որակով նյութեր էին օգտագործել, մեր տանը եղել են դեպքեր, որ շինարարական խնդիրներ ենք առաջացել, ամուսինս նորոգել է, իսկ նոր շենքերում ոչ մի խնդիր չկար», — ասում է Կարինեն։

Արդեն 8 տարի քարաշեն բնակարանում ապրող Կարինեն նշում է, որ իրենց ընտանիքը փոքր էր, երբ ստացան բնակարանը՝ 4 անձից էր բաղկացած, և իրենց բավարարել են բնակարանային պայմանները։

«Մենք ստացանք երեք սենյականոց բնակարան, ճիշտ այդպիսի տուն էլ կորցրել էինք (երկրաշարժի պատճառով), շատ լավ էր մեզ համար։ Բայց հարևանս, որ կորցրել էր 2 սենյականոց տուն, այս 22 տարվա ընթացքում.... նրա ընտանիքը մեծացել էր ու չկարողացավ տեղավորվել 2 սենյականոց բնակարանում։ Ստիպված կեսը եկան շենքում ապրելու, կեսն էլ մնացին հին թաղամասում՝ տնակում», — ասում է Կարինեն։

Մինչ օրս Գյումրիում կառուցվել և շահագործման են հանձնվել հազարավոր բնակարաններ։ Նորակառույց թաղամասերը գտնվում են քաղաքի թե կենտրոնական հատվածում, թե ծայրամասերում։ Տնակային ավաններում, սակայն, շենքեր չեն կառուցվել։

Մշտական ժամանակավոր բնակարանները

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը ասում է, որ Գյումրիում այսօր չկա անօթևան, ով այդ կարգավիճակում է երկրաշարժի հետևանքով։

Նա բացատրում է, որ որոշ մարդիկ դեռեւս ապրում են ժամանակավոր տնակներում, որովհետեւ երկրաշարժից հետո նրանց ընտանիքները աճել են։ Մարգարյանի խոսքով՝ նրանց տրվել են կորցրածին համարժեք բնակարաններ, սակայն եթե տարիների ընթացքում ընտանիքները աճել էին, ապա նրանցից միայն մասն է կարողացել տեղափոխվել կառավարության կողմից տրամադրված նոր բնակարան, իսկ մյուսները մնացել են ժամանակավոր կացարանում։

«Դա նշանակում է, որ ընտանիքի մի մասը մնացել է անօթևանի կարգավիճակում, սակայն, ցավոք, մենք չենք կարող նրանց կրկին բնակարան տալ», — OC Media-ի հետ զրույցում ասում է Մարգարյանը։

Նա պնդում է, որ որոշ ընտանիքներ վաճառել են իրենց նոր բնակարանները եւ տեղափոխվել ժամանակավոր բնակարան։

«Այստեղ մեղավոր է թե իշխանությունը, որ հետևողական չի եղել կամ պատշաճ փոխհատուցում չի տվել մարդուն, բայց նաև մեղավոր է հասարակությունը, որ տունը ստացել, գումարը վատնել է ու հիմա դեռ փտած տնակում է ապրում», — ասում է Թումասյանը։

Անօթևաններին բնակարաններով ապահովելու համար այլևս պետական ծրագիր չի գործում։

Պատմական կենտրոնը վերականգնվել է

«Գյումրիի հետ կապված՝ Կառավարությունն ունի համալիր ծրագիր, և միանշանակ այս քաղաքում կյանքի որակը սկզբունքորեն փոխվելու է։ Մենք ռեգուլյար, ամեն օր պետք է աշխատենք, որպեսզի այստեղ կյանքը փոխվի, և իրականում փոխվելու է։ Այն խնդիրները, որոնք այսօր Գյումրին, մեր ժողովուրդն ունի, հաղթահարելի են, ուղղակի պետք է լավատեսությամբ նայել ապագային և աշխատել», — դեկտեմբերի 7-ին Գյումրիում կայացած ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Կառավարությունը նշում է, որ ցանկանում է Գյումրիում զարգացնել զբոսաշրջությունը։ Վերանորոգման աշխատանքները կատարվում են քաղաքի Կումայրի արգելոցում, որը պատմական եւ ճարտարապետական բացօթյա թանգարան է՝ հիմնադրված 1980 թվականին քաղաքի պատմական սրտում։

Թաղամասը բնակեցված է եղել բացառապես հարուստների կողմից։ Այն ընդգրկում է ավելի քան 1000 հա տարածք՝ ներառելով ավելի քան 1200 հուշարձան։ Այս տարածքում գտնվող տները կառուցվել են հիմնականում 19-րդ դարի վերջին։ Այստեղ սովետական շատ ֆիլմեր են նկարահանվել։ 1980-ականների սկզբին որոշում է կայացվել նորոգել և ամրացնել արգելոցը, սակայն 1988-ի ավերիչ երկրաշարժը խաթարել է պլանները։

Այսօր արդեն իրականացվող ծրագրի շնորհիվ Կումայրին երկրորդ կյանք է սատցել։ Կիսաքանդ կառույցները գնվել են մասնավոր ներդրողների կողմից և ընթանում են նորոգման աշխատանքներ։ Միայն վարչապետի ընտանիքը 500 հազար դոլարի ներդրում է կատարել։ Ծրագիրը տևելու է 2 տարի։

Այսօր արդեն իսկ կարելի է հանդիպել այդ փողոցում քայլող զբոսաշրջիկների, ովքեր մեծամասամբ տեղյակ չեն Գյումրու մեկ այլ դեմքի մասին։