Մինչ ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված, Վրաստանում ապրող հայ-ադրբեջանական խառնածին ամուսնություններով ընտանիքները շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով։ Սակայն, նման ընտանիքներն ունեն կարևոր մի խնդիր. նրանց համար այսօր անհնար է հայրենիք՝ Հայաստան կամ Ադրբեջան մեկնելը, և նրանք ապրում են՝ երազելով, որ անցյալը մի օր կվերադառնա։
[Հոդվածը անգլերեն կարդացեք — Read in English]
[Հոդվածը ռուսերեն կարդացեք — Читайте на русском]
Վրաստանում ապրող հայ և ադրբեջանցի զույգերի վերաբերյալ որևէ վիճակագրություն չկա, սակայն այդպիսի ամուսնական զույգեր դժվար չէ գտնել։ Նրանց մի մասն ընտանիք են կազմել մինչ ղարաբաղյան հակամարտությունը, որոշները նույնիսկ դրանից հետո՝ 90-ականներին։
«Որն է տարբերությունը…»
27-ամյա վիրահայ Զեմֆիրա Կիրակոսյանը, ով կրում է ադրբեջանցի տատիկի անունը, 10 տարի առաջ ամուսնացել է Ալիի հետ։ Վերջինիս մայրն ազգությամբ հայ է, հայրը՝ ադրբեջանցի։
Թեև նրա տատիկն ադրբեջանցի է, այդուհանդերձ Զեմֆիրան մեծացել է հայկական միջավայրում։ Նա իրեն համարում է հայ, Թբիլիսիում այցելում է հայ առաքելական եկեղեցի։
«Երբ առաջին անգամ հանդիպեցի ամուսնուս, ինձ համար նշանակություն չուներ, որ նա ադրբեջանցի է, ես՝ հայ», — OC Media-ին պատմում է Զեմֆիրան, ով այսօր էլ շարունակում է հաճախել հայկական եկեղեցում մատուցվող կիրակնօրյա պատարագներին, նշում հայկական տոները և նույնիսկ Ալիի հետ խոսում հայերեն։
«Որն է տարբերությունը… Մեր տարբերությունն այն է, որ ամուսնուս ազգանունն ադրբեջանական է, իմը՝ հայկական», — բացատրում է Զեմֆիրան՝ միակ խնդիրը համարելով այն, որ ամուսնու հետ չի կարող ճանապարհորդել Ադրբեջան կամ Հայաստան։
Խաթարված ընտանիքներ
Հակամարտությունը Զեմֆիրայի և Ալիի նման ընտանիքների ու նրանց բարեկամների համար մի շարք այլ խնդիրներ ևս ստեղծել է։ Ազգությամբ ադրբեջանցի Նազլին, ով ծնվել է Թբիլիսիում, ամուսնացել տեղացի հայի հետ, կորցրել է Բաքվում բնակվող բարեկամների հետ կապը։ Նա արդեն երկար տարիներ անգամ չի խոսել հարազատների հետ։
Նազլի Գասպարյանը 1978-ից՝ ամուսնանալուց հետո, կրում է ամուսնու ազգանունը։ Նա կարոտով է հիշում այն ժամանակները, երբ հայերն ու ադրբեջանցիներն ապրում էին կողք կողքի համերաշխ։
«Շատերն էին մեր ամուսնությանը դեմ», — OC Media-ի հետ զրույցում հիշում է Նազլին։ Սկեսուրը կտրականապես դեմ էր, որ որդին ադբեջանուհու հետ ամուսնանա, սակայն, երբ նա Նազլիին թևանցուկ տուն էր տարել, ընդունել էր՝ ասելով. «տղաս, ի՞նչ գեղեցիկ ադրբեջանցի աղջիկ ես բերել»։
Ճանապարհորդություն դեպի Հայաստան ու Ադրբեջան
Հայ-ադրբեջանական զույգերը երբեմն հնարավորություն են ունենում ճանապարհորդել Հայաստան ու Ադրբեջան։ Օրինակ, հայուհին ամուսնանալով ադրբեջանցու հետ, կարող է մեկնել Ադրբեջան, եթե կրում է ամուսնու կամ վրացական ազգանուն։ Ոմանք ամուսինների հետ գնում են Ադրբեջան, նույնիսկ հարսանիքների ու այլ միջոցառումների մասնակցում։
Լեյլան (անունը փոխված է) OC Media-ին պատմում է, որ Ադրբեջանում միայն մոտ բարեկամները գիտեն իր հայկական արմատների մասին, բայց ընդհանրապես ընտանիքն այդ փաստը գաղտնի է պահում։ Նա եղել է Բաքվում, տեսել է հայկական եկեղեցին ու հայկական թաղամասը։ Նրա խոսքով՝ քաղաքի հնաբնակները դեռևս օգտագործում են թաղամասի հին անվանումը։
«Ես իսկապես սիրեցի այդ քաղաքը և հուսով եմ, որ մի օր ամուսնուս հետ կարող ենք տեսնել նաև Հայաստանը», — ասում է նա։
Լեյլայի ամուսինը՝ Ալին ևս տարածաշրջանում ճանապարհորդելու ցանկություն ունի։
«Հուսով եմ, որ մի օր մենք միասին ազատ կարող ենք գնալ Հայաստան ու Ադրբեջան՝ առանց վախենալու մեր էթնիկ պատկանելությունից», — պատմում է նա OC Media-ին։
Ալիի և Լեյլայի սերը ծնունդ է առել Թբիլիսիի հին թաղամասերից մեկում՝ Օրթաճալայում, որը հայտնի է տարբեր ազգերի ներդաշնակ համակեցությամբ։ Ալիի այցը տեղի վարսավիրանոց, ճակատագրական եղավ։
«Այդ օրվանից իմ մեքենայի երեք տառերը կնոջս անվան երեք տառերն են», — ասում է նա՝ մատնացույց անելով փողոցի վերջում կայանած մեքենան։
Սնունդը, լեզուն, կրոնը
Թբիլիսիում հայ-ադրբեջանական խառը ընտանիքները հիմնականում պահպանում են երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ավանդույթները։ Սովորաբար նրանք խոսում են չորս լեզուներով։
Զեմֆիրան աշխատում է քաղաքի ծայրամասում գտնվող մի փոքրիկ հացատանը, թխում է հայկական հաց՝ լավաշ։ Նա ամեն օր թարմ լավաշ է տուն տանում, իսկ սկեսուրը հաճախ ադրբեջանական փլավ է պատրաստում։
«Ես ուզում եմ, որ մեր աղջիկը ծանոթ լինի երկու խոհանոցներին», — ասում է Զեմֆիրան, ով այսօր դստեր հետ հաճախում է և՛ մզկիթ, և՛ հայկական եկեղեցի։ Նրա աղջիկն արդեն վեց տարեկանում որոշել է, որ մահմեդական է։
Խառը ընտանիքներից շատերն ազգային ուտեստներով լի սեղանների շուրջ նշում են ադրբեջանական Նովրուզը, վրացական ու հայկական Սուրբ Հարության (Զատիկի) տոները։
Քրիստինան, ում մայրն ադրբեջանցի է, հայրը՝ հայ, ասում է, որ իր ընտանիքում վեճի առիթ է դառնում միայն տոլման։
«Հայրս ասում է, որ տոլման հայկական է, մինչդեռ մայրս պնդում է՝ ադրբեջանական է, — ժպտալով բացատրում է Քրիստինան։ Նրա համար նշանակություն չունի թե ում է պատկանում այդ ուտելիքը, — Կարևորը, որ տոլման շատ համեղ է»։
Քրիստինան՝ տիրապետելով չորս լեզվի, ասում է ունի երեք ինքնություն (հայկական, ադրբեջանական ու վրացական)։ Հիշում է, որ ծնողներն իր ներկայությամբ երբևէ գաղտնի չեն կարողացել խոսել, որովհետև հասկանում էր նրանց բոլոր լեզուները։
«Ես հարուստ եմ այս ամենով», — ասում է նա։
32-ամյա Իննան (անունը փոխված է), պատմում է, որ ժամանակ առ ժամանակ ստիպված է թաքցնել հայկական արմատները։
«Մի անգամ ամուսնուս բարեկամներն ու ընկերներն Ադրբեջանից Վրաստան էին եկել հանգստանալու և այցելել մեզ։ Զրույցի (ռուսերենով) ընթացքում ես փորձում էի թաքցնել, որ հայ եմ, բայց 7 տարեկան աղջիկս ասաց՝ «մամ, բայց դու հայ ես չէ», — հիշում է Իննան։
Այնուհետև նա կարողացել է փոխել թեման և կարծում է, որ հյուրերն ուշադրություն չեն դարձրել դրան։
Իննան ադրբեջանցի ամուսնու հետ Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում բնական հյութ ու հուշանվերներ է վաճառում, ադրբեջաներեն է խոսում, երբ մոտենում են Ադրբեջանից կամ Թուրքիայից ժամանած զբոսաշրջիկներ, հայերեն, երբ հայեր են առևտուր անում։ Սակայն ինքն իրեն հիմնականում ներկայացնում է որպես վրացուհի։
Երեխաների դաստիարակությունը
Նազլիի ամուսինը՝ Ստյոպա Գասպարյանը, ամեն անգամ հուսահատվում էր, երբ կինը երեխաների հետ խոսում էր ադրբեջաներեն։
«Ես մտածում էի, որ իմ երեխաները հայ են, բայց հայերեն չգիտեն։ Երեխաները լեզուներ սովորում են արագ և նրանք միաժամանակ սկսեցին խոսել չորս լեզվով։ Կինս նույնպես խոսում է հայերեն, ավելի լավ, քան ես», — ասում է Ստյոպան։
Ըստ Նազլիի՝ ազգությունն իր ընտանիքում վեճերի առիթ չի դառնում, սակայն կրոնափոխությունն իրեն արդեն երկար ժամանակ տանջում է։
Նա քրիստոնեություն է ընդունել, երբ երեխաները կնքվել են հայկական եկեղեցում, սակայն այսօր դրա համար շատ է ափսոսում՝ նշելով. «Այդ օրը իմ կյանքը կտրուկ փոխեց։ Հավանաբար, Աստված պատժեց ինձ»։
Նազլին այժմ ցանկանում է կրկին ընդունել իսլամ, բայց դա մի շարք խնդիրներ է առաջ բերում։
«Մզկիթում նրանք կասեն (աղոթք), ես կկրկնեմ՝ վերադառնալով իմ նախկին կրոնին, բայց ես մտահոգվում եմ՝ երբ ես որպես մահմեդական մահանամ, ընտանիքիս անդամները չեն հուղարկավորվի իմ կողքին»։
«Ես սիրում ու հարգում եմ և՛ հայրիկիս, և՛ մայրիկիս ազգային ավանդույթները, ես ունեմ հայկական ազգանուն, ես քրիստոնյա եմ», — ասում է Նազլիի դուստրը՝ Գոհարը՝ ավելացնելով, որ դավանանքը երբեք չպետք է փոխել։
«Աստված մեկն է»
Էրիկ Մամեդզադեն, ում հայրն ադրբեջանցի է, մայրը՝ հայ, ասում է, որ «մոմ է վառում և՛ մզկիթում, և՛ հայկական, վրացական ու ռուսական եկեղեցիներում։ Աստված մեկն է»։
Նրա տան մի անկյունում քրիստոնեական ու մահմեդական խորհրդանիշերը կախված են կողք կողքի։
Մամեդզադեն կովկասյան գորգերի ու հնաոճ իրերի խանութ ունի, որն ինչպես ասում է, նման է «Հին Կովկասի», որտեղ հանդուրժողականությունն ու ազգամիջյան ոգին այնքան բնական էր ու նվիրական հին Թբիլիսիում։ «Երանի հին ու բարի ժամանակները», — ասում է նա՝ երազելով լավ օրերի վերադարձը։