fbpx

Become an OC Media Member

Support independent journalism in the Caucasus: Join today

Become a member

Կարո՞ղ է վերականգնվող էներգիան փրկություն դառնալ Հայաստանի բարձրադիր վայրերում

(Մարգարիտ Առաքելյան /OC Media)

Էներգետիկ աղքատությունը Հայաստանի հեռավոր շրջաններում դեռևս մտահոգիչ է։ Այդ պատճառով չգազաֆիկացված համայնքներում գյուղացիները հաճախ դիմում են անօրինական ծառահատումների՝ ձմռանը տունը ջեռուցելու համար, ոմանք էլ գոմաղբն են չորացնում որպես վառելիք։ Մինչդեռ, Հայաստանի արևելքում գտնվող սահմանամերձ Կութ գյուղում մարդիկ, կարծես թե, հույսի նոր աղբյուր են տեսնում, վերականգնվող էներգիայի նոր ներուժ։

Ամեն առավոտ Գայանեն մոխրից մաքրում է վառարանն ու տաքացնում տունը մինչ ընտանիքի մյուս անդամների արթնանալը։ Ամենասկզբում նա նախորդ օրվա աթարի մոխիրն է դուրս բերում ճաշասենյակի վառարանից, հետո սոլյարկա է լցնում աթարի նոր կտորների վրա ու կպցնում կրակը։ Գայանեն այստեղ է պատրաստում նաև օրվա ճաշը, քանի որ խոհանոցում գազ չկա։

38-ամյա Գայանե Վարդանյանն ապրում է ամուսնու՝ Հրաչիկ Չիտչյանի և երկու երեխաների հետ սահմանամերձ Կութ գյուղում, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևանա լճի հարավարևելյան հատվածում։ Գյուղը, ինչպես նաև ողջ Գեղարքունիքը, տարբերվում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերից վերաբնակեցված փախստականների մեծ թվով։

Հրաչիկի ընտանիքն էլ բացառություն չէ, որ լեռնային այս շրջան է եկել 1990-ականների սկզբին Ադրբեջանի Խանլար գյուղից ու բնակություն հաստատել Կութում։ 1996թ. ամուսնացել է Գայանեի հետ, որը մինչ այդ ապրում էր Սևանա լճի հակառակ կողմում՝ Հրազդանում։

Գայանեն ասում է՝ որ Կութը փոքր գյուղ է. աշխատատեղերը՝ քիչ կամ ընդհանրապես չկան, կրթական հնարավորություններն էլ՝ անհասանելի։ Եկամտի հիմնական աղբյուրն անասնապահությունն ու հողագործությունն է. հիմնականում կարտոֆիլ են մշակում, որից ստացված բերքը հոգում է տան կարիքները, մի մասն էլ շուկա են տանում։ Գյուղացիները վաճառում են նաև կովի կաթը՝ լիտրը 150 դրամով։ Հրաչիկն ու Գայանեն նշում են, որ արդեն համակերպվել են նիստուկացին, սննդի, աշխատատեղերի ու էներգետիկ ենթակառուցվածքների բացակայությանը։

Գայանեի հարևանները — Արտուշ, Ասյա, Արաքսյա (Մարգարիտ Առաքելյան /OC Media)

Այդուհանդերձ, Գայանեն շեշտում է, որ ավելի քան 2 տասնամյակ է՝ գյուղացիների գլխավոր խնդիրը կայուն էներգիայի աղբյուրի՝ գազի, բացակայությունն է։

Մի Կութ՝ 185 բնակիչ

Սիմա Չիտչյանը Հրաչիկի ազգականն է։ Ապրում և աշխատում է Կութում, իսկ մինչ գյուղապետ դառնալը ավելի քան 25 տարի աշխատել է նույն համայնքապետարանում։ Ասում է, որ էներգիայի հարցը բազմիցս են բարձրացրել կառավարական տարբեր օղակներում, սակայն միշտ միևնույն բացասական պատասխանն են ստացել՝ «հնարավոր չէ, թանկ է»։

«Էնքա՛ն խնդիր կա. մեր միակ խնդիրը հո գազը չի։ Գյուղում մանկապարտեզ չկա, նորմալ դպրոց չունենք, ոչ էլ ջրագիծ։ Գյուղապետարանի շենքն էնքան վատ վիճակում ա, որ աշխատողները մանավանդ ձմեռը երկար չեն կարողանում մնալ։ Պատուհանները ջարդված են, տանիքը ծակ ա, կաթում ա, մի խոսքով՝ շենքը շատ վատ վիճակում ա», — OC Media-ին է պատմում Չիտչյանը։

Ձմռանը Կութի գյուղապետարանի միայն մեկ սենյակն է օգտագործվում (Մարգարիտ Առաքելյան /OC Media)

«Դժվար ա Կութ հասնելը», — ասում է Չիտչյանը՝ մատնանշելով միջ և ներհամայնքային քարուքանդ գրունտային ճանապարհները, որոնք ձմռան ամիսներին անանցանելի են ձյան պատճառով, իսկ անձրևոտ եղանակին՝ ցեխի պատճառով։ Ըստ նրա՝ այդ պատճառով է, որ գյուղացիներից շատերը խորհրդային ՈՒԱԶ-469 մակնիշի մեքենա՝ վիլիս են վարում։

Կրթական հնարավորությունների ու արտադասարանական խմբակների բացակայությունն ավելի է բարդացնում իրավիճակը՝ ստիպելով երիտասարդներին լքել գյուղը։ Գայանեի աղջիկը՝ Լաուրան, այժմ սովորում է Երևանի ֆինանսական ակադեմիայում, ու Գայանեն վստահ չէ, որ վերջինս ավարտելուց հետո կցանկանա հայրենի գյուղ վերադառնալ։

Չիտչյանը ցավով է նկատում, որ միայն անցյալ տարի Կութից էլի 4 ընտանիք է հեռացել։ Շատերը մարզկենտրոն են գնում կամ ավելի մեծ քաղաքներ՝ Վարդենիս, Երևան, նույնիսկ Մոսկվա։ Ներկայում Կութի բնակչության թիվը 185 է։

Վերականգնվող էներգիան՝ հույսի աղբյուր

Հայաստանում էներգիայի հիմնական աղբյուրը հանածո վառելիքն է թե՛ բնակելի շենքերի ջեռուցման, թե՛ կենցաղում կերակուր պատրաստելու համար, ընդ որում՝ էներգիայի պահանջարկի գերակշիռ մասը՝ 63 տոկոսը, բավարարում է բնական գազը։ Հայաստանը բնական գազի 80 տոկոսը ներկրում է հարևան Ռուսաստանից, իսկ մնացած մասը՝ Իրանից՝ էլեկտրաէներգիայի փոխանակման տրամաբանությամբ։

Ըստ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և. բնական պաշարների նախարարության տվյալների՝ Հայաստանում 329 համայնք գազաֆիկացված չէ. շուրջ 150,000 մարդ կամ բնակչության մոտ 5 տոկոսը չունի բնական գազ։

Մինչդեռ պաշտոնական թվերը վկայում են, որ վերականգնվող էներգիայի բնագավառը կայուն աճ է գրանցում։ Քամու և բիոփելեթի համեմատ՝ արևային էներգիան ավելի մեծ ներուժ ունի, քանի որ Հայաստանում մոտ երկու անգամ ավելի շատ արև կա, քան օրինակ Եվրոպայում.  1 քմ հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ, իսկ միջին Եվրոպականը՝ 1000 կՎտժ է։

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին փոխնախարար Հայկ Հարությունյանը AFP-ին վերջերս տված հարցազրույցում ուշադրություն է հրավիրում վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը՝ հայտարարելով, որ Հայաստանը մի օր ստիպված է լինելու կանգնեցնել ատոմակայանը, ու երկիրը պետք է պատրաստ լինի դրան։

«Դա է պատճառը, որ Հայաստանը վերջին տարիներին ձգտում է զարգացնել էներգիայի բոլոր այլընտրանքային տարբերակները՝ հիդրոէներգետիկա, քամու և արևի էներգիան», — ասել է Հարությունյանը։

Ներկայում նախարարությունն իրականացնում է Հայաստանում առաջին մեծ ֆոտովոլտայիկ արևային կայանի կառուցման աշխատանքները Մեծ Մասրիկում, որը Կութից ընդամենը 10 կմ հեռավորության վրա է։ Գեղարքունիքի մարզն ունի նաև հողմային էներգիայի մեծ ներուժ։ Պատահական չէ, որ իսպանական «Աքսիոնա» ընկերությունը 2017թ. դեկտեմբերին քամու ուժգնությունը չափող երկու հսկա մոնիթորինգ կայան տեղադրեց մարզում՝ 80 մետր բարձրությամբ։

Երևանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի էներգարդյունավետության և այլընտրանքային էներգետիկայի ծրագրերի համակարգող Նորայր Բենօհանյանը լավատես է Հայաստանում վերականգնվող էներգիայի զարգացման հարցում։ Ասում է՝ Հայաստանը ոչ միայն էներգետիկ հաշվեկշիռը դիվերսիֆիկացնելու աշխատանքներ է տանում, այլև էներգաարդյունավետ ծրագրեր է իրականացնում։

Նա մասնավորեցնում է Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքի ծրագիրը, որն իրականացրել է Յակոբեան կենտրոնը։ Ծրագիրն էներգաարդյունավետության ու էներգախնայողության վառ օրինակ է և նախադեպ կարող է դառնալ ինչպես բնակելի շենքերը, այնպես էլ հանրային շինությունները ձմռանը ջեռուցելու համար։

2016թ. Յակոբեան կենտրոնը էներգաարդյունավետության վերաբերյալ դասընթաց էր կազմակերպել, որից հետո մասնակիցներն օգնել էին Կալավանի բնակիչներին՝ գյուղի դպրոցի պատերն ու տանիքը ջերմամեկուսացնելու համար։ Ծրագրի շնորհիվ դպրոցում այժմ ավելի տաք է, վառելիքն էլ համեմատաբար քիչ են օգտագործում։

«Այս շրջաններում բացի արևի ու քամու էներգիայից կարելի է կենտրոնաալ նաև նմանատիպ էներգարդյունավետ ծրագրերի վրա։ Այս տեսանկյունից կարևորում է Կալավանի ծրագիրը, որը կարող է նախադեպ դառնալ Հայաստանի մյուս չգազաֆիկացված համայնքների համար։ Գյուղացիներն էլ կարող են ջերմամեկուսացնել իրենց տները՝ սահմանափակելով վառելափայտի օգտագործումը և պահպանելով անտառային տնտեսությունները,» — OC Media-ին է փոխանցում Բենօհանյանը՝ նկատի ունենալով ապօրինի ծառահատումները գյուղացիների մասնակցությամբ՝ ձմռան վառելափայտը ձեռք բերելու համար։

Այդուհանդերձ, նմանատիպ ծրագրերը դեռևս հատուկենտ են ու չհամակարգված, իսկ իշխանության ներդրումները՝ խիստ սահմանափակ։ Բենօհանյանը հատկապես ուշագրավ է համարում 2013թ. ՄԱԶԾ ԳԷՖ ծրագրի շրջանակներում կառավարության՝ մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությունը քաղաքի 3 բնակելի շենքերի ջերմամեկուսացման աշխատանքներին։ Ավելին, ՄԱԶԾ-ի շրջանակներում ջերմամեկուսացվել է նաև Երևանի մանկապարտեզներից մեկը կրկին քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։

Աթարը՝ էժան, հետևանքները՝ թանկ

Գայանեն ասում է, որ ցանը (նկատի ունի աթարը) հեշտ է վառվում, եթե լավ են չորացնում։ Գյուղում համարյա բոլորը աթարի դեզ ունեն գոմում կամ դաշտում։

«Հավաքում ենք աթարը, քառակուսի ձև տալիս ու թողնում, որ չորանա։ Փետը թանկ ա։ Էս տարի կուբամետրը 25,000 դրամ էր։ Ցանը էժան ա գալիս», — նկատում է Գայանեն՝ հավելելով, որ եթե վառարանի խողովակը նորմալ չեն տեղադրում, ապա ծուխը հաճախ տուն է լցվում։

Գայանեի հարևանը՝ Մարգարիտը, վառարանն է վառում գոմաղբով (Մարգարիտ Առաքելյան /OC Media)

ՄԱԶԾ Հայաստանի գրասենյակի կլիմայի փոփոխության ծրագրերի ղեկավար Դիանա Հարությունյանն ասում է, որ աթարը ձեռնտու վառելիք է, բայց նաև նախազգուշացնում հնարավոր վտանգների մասին, հատկապես, ոչ ճիշտ վառարանների դեպքում։

«Վառելափայտից ու աթարից առաջացած ծուխը վնասակար է առողջությանը. կարող է հանգեցնել այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են շնչառական խնդիրներն ու խրոնիկական բրոնխիտը», — ասում է նա OC Media-ին։

«Այնուամենայնիվ, ի տարբերություն հանածո վառելիքի, ինչպիսիք են բնական գազն ու ածուխը, որոնք մեծ քանակությամբ ածխաթթու գազ են մթնոլորտ արտանետում, աթարը չունի բացասական հետևանքներ, և ճիշտ չորացնելու ու պահպանելու դեպքում վնասակար չէ շրջակա միջավայրին», — շեշտում է Հարությունյանը՝ կոչ անելով գյուղացիներին հավուր պատշաճի օդափոխել տները։

Փելեթը՝ ապագայի վառելիք

Գայանեի դիտարկմամբ՝ գյուղացիներն այլընտրանքային էներգիայի ծրագրերի ջատագով են և հույս ունեն, որ ոլորտը կզարգանա։ Նա փոքրիկ կոոպերատիվի անդամ է, որը ստեղծվել է 2013թ. Բիոջեռուցման լուծումների հետազոտողներ ՀԿ-ի կողմից։ Հետազոտողները Կութում պասիվ արևային ջերմոց են կառուցել, որը նպատակ ունի ներկայացնելու այլընտրանքային էներգիայի՝ բիոփելեթի կիրառությունն ու էներգախնայողության արդյունավետությունն ինչպես բնակելի շենքերում, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտում՝ մասնավորապես ջերմոցային տնտեսություններում։ Բիոփելեթը այլընտրանքային ջեռուցման միջոց է՝ մաքուր վառելանյութ, որն արտադրվում է ծղոտից կամ համապատասխան ագրոթափոններից։

Պասիվ արևային ջերմոցն ավանդականից տարբերվում է իր հատուկ կառուցվածքով։ Ավանդական ջերմոցը սովորաբար պատեր չունի. կազմված է թաղանթից կամ ապակուց, մինչդեռ պասիվ արևային ջերմոցն ունի պատեր և նախատեսված է բարձրադիր վայրերի համար, ինչպիսին Կութն է։

Ջերմոցն ունի եռակողմ պատ՝ հարավային, արևելյան և արևմտյան կողմերում, որոնցից ամենամեծը հարավային պատն է, մյուս երկուսը համեմատաբար փոքր են։ Ջերմոցն իր յուրահատուկ ճարտարապետության շնորհիվ լրացուցիչ ջեռուցում չի պահանջում գիշերը կամ ձմռանը։

Ներկայում ջերմոցում աշխատում են չորս ընտանիքից բաղկացած կոոպերատիվի անդամները, որոնք ոչ ավանդական մշակաբույսեր են աճեցնում՝ ռուկոլա կամ բազիլիկ։ Գայանեի հավաստմամբ՝ ջերմոցից ստացած ամսական եկամուտը հասնում է 40,000 դրամի, որը, ըստ նրա, այդքան էլ վատ արդյունք չէ։

Այդուհանդերձ, նրա, ինչպես նաև գյուղացիների հեռահար նպատակը գյուղում վերականգնվող վառելիքի՝ բիոփելեթի արտադրությունն է, որը կլրացնի թե՛ էներգետիկ բացը, թե՛ գյուղացիների զբաղվածությունը։

Հոդվածը պատրաստվել է Հարավային Կովկասում Friedrich-Ebert-Stiftung (FES) տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ։ Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել FES-ի տեսակետների հետ։