fbpx

Become an OC Media Member

Support independent journalism in the Caucasus: Join today

Become a member

Փոխել համակարգը դրսից, թե ներսից. «Նոր Հայաստանում» ֆեմինիստները երկընտրանքի առաջ են

4 December 2018
Մարիա Կարապետյան՝ (իլյուստրացիան՝ Anahit of Erebuni)

Հայաստանի ֆեմինիստական խմբերում նոր քննարկումներ են. ինչպես ավելի արդյունավետ գործել, որպեսզի վերացնել հայրիշխանական համակարգերը՝ դրանց մեջ մտնելո՞վ, թե՞ դրսից։

«Շարժման մեթոդները՝ հորիզոնականությունը, ապակենտրոնությունը, այն դաշտը ստեղծեցին, որտեղ էլ կանանց պետք չէր բրդել առաջ, հրավիրել, քվոտավորել, նրանց մասնակցությունը շատ բնական տեղի ունեցավ։ Կանայք կային, որովհետև փողոցը ոչ հիերարխիկ էր, եթե ոչ անարխիկ», — թավշյա հեղափոխության մեջ կանանց մեծ դերը այդպես է բացատրում շարժման կարևոր դեմքերից մեկը՝ ֆեմինիստ Մարիա Կարապետյանը։

Շատ աղջիկներ մինչև հիմա փշաքաղվում են Մարիայի արդեն հայտնի «Կեցցեք, քույրեր» ելույթից հեղափոխության օրերին։ Հիմա Մարիան իր խոսքով ոչ հեշտ որոշում է կայացրել՝ մասնակցել խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ցուցակով։

Մարիան միակը չէ, որ կարծում է՝ Թավշյա Հեղափոխությունը պետք է շարունակվի՝ մտնելով պետական կառույցներ, տեղական ինքնակառավարման մարմիններ։ Առաջին հետհեղափոխական ընտրություններին՝ Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրություններում (սեպտեմբերի 23-ին), մեծ թվով կանայք, ովքեր նախկինում քաղաքցիական ակտիվությամբ էին զբաղվում իրենց թեկնածությունն առաջադրեցին միանալով «Իմ քայլը» դաշինքին։ «Իմ քայլը» ստացավ ձայների 81 տոկոսը, և կազմեց 57 հոգանոց խմակցություն, որից 15ը կանայք են։ Հոկտեմբերի 10-ին Դիանա Գասպարյանը հաղթեց Էջմիածնի ընտրություններում, դառնալով առաջին կին քաղաքապետը Հայաստանում։

Դեկտեմբերին կայանալիք ընտրություններում ևս կին ակտիվիստներ են մասնակցում, ինչը գուցե կբերի որոշում կայացնող մարմիններում կանանց թվի մեծացման (ֆեմինիզացիա)։ Այնուամենայնիվ, ոմանք կասկածում են, որ դա նաև փոփոխություն կբերի կանանց իրավունքների պաշտպնության դաշտում։

Հայաստանում կան ֆեմինիստներ, ում կարծիքով պետական համակարգի մեջ մտնելը հակասում է Ֆեմինիզմի նպատակին՝ կանանց ազատագրմանը։ Համաձայն ֆեմինիստական տեսության՝ պետությունը պաշտպանում է մասնավոր սեփականությունը և ընտանիքը։ Սեփականությունը պատկանում և ժառանգվում է տղամարդուն, իսկ ընտանիքը առաջին և առաջնային ինստիտուտն է, որտեղ կինը շահագործվում է չվճարվող վերարդատրողական աշխատանք անելով։ Համաձայն այդ ֆեմինիստական խմբերի՝ կանանց որպես «սեռային դասակարգի» ազատագրումը հնարավոր է կանանց համայնքների հզորացման ճանապարհով, հասարակական հարաբերությունների համագործակցային մոդելների ստեղծան ճանապարհով, այլ ոչ թե անհատ կանանց «հաջողված պատմություններով»։

Հայրիշխաններ` մարդկային դեմքով

Նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը առիթներ ունեցել է արտահայտվելու գենդերային հավասարության թեմայով։ Կարևորելով կանանց դերը հեղափոխության մեջ՝ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին իր ընտրության օրը ասել է. «Վերջին մեկ ամսվա քաղաքական գործընթացներին կանանց մասշտաբային մասնակցությունն էր կարեւորագույն գործոններից մեկը, որ մեզ հնարավորություն տվեց Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն անվանել սիրո եւ համերաշխության հեղափոխություն», և ավելացրել մի բան, որ ականջ է ծակում, եթե դու ֆեմինիստ ես. «վերջին մեկ ամիսը ցույց տվեց, որ նման ակտիվությունը լիովին համատեղելի է մեր ազգային ինքնության, ընտանիքի մասին մեր ազգային պատկերացումների հետ»։

Կանայք բողոքի ակցիա են անում Երևանում Թավշյա Հեղափոխության ժամանակ (Մարի Նիկուրաձե /OC Media)

Հայաստանի ֆեմինիստների մեծ մասն ընդունում է, որ նոր կառավարությունում ևս լավ չեն պատկերացնում կանանց շարժումերի նպատակը։ «Նոր Կառավարության անդամներն էլ են պատիրարխալ մարդիկ, քանի որ նույն պատիրարխալ հասարակության ծնունդ են։ Տարբերությունն այն է, որ նորերը ընդունակ են լսել, կրթվել, համագործակցել քաղաքացիական հասարակության հետ։ Մինչև հեղափոխությունը, մենք պետք է ներխուժեինք կառավարության շենքերը, որպեսզի մեզ լսեին։ Ինչպես օրինակ Ընտանեկան բռնության օրենքի քննարկման ժամանակ մենք պաստառներով մտանք Արդարադատության նախարարություն», — ասում է Կանանց Ռեսուրսային կենտրոնի համահիմնադիր Լարա Ահարոնյանը։

Վերջինս կարծում է, որ պետական կառավարման մեջ կանանց մասնակցությունը մեծացնելու համար պետությունը նախ ինքը պետք է քայլեր անի. նախ և առաջ բարձրացնի կանանց քվոտաները, որպեսի գենդերային բալանսը բարելավվի։ Սա միայն գործիքներից մեկն է։ Նախորդ գումարման խորհրդարանում, որը լուծարվեց նոյեմբերի 1-ին, պատգամավորների միայն 18%-ն էր կին։

«Կանայք պետք է ներկա լինեն, որպեսզի բարձրաձայնեն իրենց խնդիրները։ Եվ եթե երկրի բնակչության կեսից ավելին կին է, արդարության և հավասար ներկայացվածության համար պատգամավորների 50 տոկոսը պետք է կին լինի», — ասել է Ահարոնյանը։

Անցում ակտիվիզմից կուսակցական համակարգի

Կուսակցական մեծ փորձ ունեցող, ՀՅԴ անդամ Սեվան Պետրոսյանն ընդունում է, որ կուսակցական համակարգ մտնելը կոմպրոմիս է ֆեմինիստի համար, բայց ըստ նրա «այլ ելք չկա»։

Պատգամավոր Լենա Նազարյանը ողջունում է ԱԺ շենքի դիմաց հավաքված ցուցարարներին։ Հոկտեմբերի 2, 2018 (Ռուբեն Արևշատյան)

«Սիմոնա դը Բովուարն էր ասում, որ ինքը երկու պայքար է տանում, մեկը՝ ֆրանսիական Կոմունիստական կուսակցության հետ, մյուսը՝ կուսակցության ներսում։ Դա է միակ ճանապարհը։ Ես պատրանքներ չունեի, որ այս հեղափոխությունը կանանց բերելու էր քաղաքական որոշումներ կայացնելու դաշտ։ Դա այս շարժման առաջնահերթությունը չէր։ Ի տարբերություն այլ շատ ֆեմինիստների, ես հիասթափված չէի, երբ Նիկոլ Փաշինյանն ընդհամենը երկու կին նախարար նշանակեց, որովհետև ես սպասելիքներ չունեի էլ։ Իմ խնդիրն այն է, որ սա աղքատների շարժում չէր։ Սա շարժում էր, որի նպատակն էր ազատվել Սերժ Սարգսյանից և Հանրապետականից, դրանց հետևանքներից՝ կոռուպցիա և այն։ Այո, պետությունը մի քիչ մոտեցել է մեզ։ Ես կարող եմ նամակով արագ պատասխաններ ստանալ, օրինակ, գրել իմ ընկերոջը, որը հիմա փոխնախարար է։ Բայց պետությունը չի մոտեցել մարզերի գյուղերի բնակիչներին», — ասում է Սևան Պետրոսյանը։

Թավշա Հեղափոխությունից շատ առաջ, Նիկոլ Փաշինյանի կուսակից Լենա Նազարյանը առաջին կինն էր, որ որոշեց ակտիվիզմը փոխել կուսակցական քաղաքականության հետ։ Հայտնի բնապահպան ակտիվիստ, քննադատ լրագրող Նազարյանը 2015 թվականին դարձավ քաղաքական գործիչ՝ համա-հիմնադրելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Հիմա նա «Ելք» խմբակցության ղեկավարն է։ Պատահական չէ, որ շատ երիտասարդ կանայք նրան մոտենում են, սելֆի անում, և ասում, որ Լենան իրենց համար իդեալ է։

«Ես չեմ սիրում, երբ ասում են, թե կանայք խեղճ են, մի բան պետք է անել, ներգրավել։ Ոչ, նրանք պետք է ներգրավվեն որոշումների կայացման մեջ, որովհետև նրանք պետք են։ Երբ նրանք ներկայացված են, պետք է ապացուցեն, որ օգտակար են».- ասում է Նազարյանը։

«Ես անձամբ նախընտրում եմ կին գործընկերներ ընտրել, եթե դրա հնարավորությունը ունեմ։ Կանայք ավելի լավ թիմային աշխատանք են անում, իրենց գործի արդյունքն է հետաքրքրում, ոչ թե մրցելը, ինքնահաստատվելը»։

Փոխել հասարակական հարաբերությունները, ոչ թե անհատ կանանց

Ռադիկալ ֆեմինիստները Հայաստանում հրաժարվում են կոմպրոմիսների գնալ պետության հետ՝ միևնույն ժամանակ չմեղադրելով այն կանանց, ովքեր նման որոշում են կայացնում։

«Ես չեմ ասում, կանայք չպետք է զբաղվեն կուսակցական քաղաքականությամբ, ես ասում եմ կանանց մասնակցությունը չպետք է լինի ինքնանպատակ», — ասում է ֆեմինիստ ակտիվիստ Աննա Շահնազարյանը։

«Եթե կինը գնում է Խորհրդարան, պետք է խնդրականացնի որոշումների կայացման կարգը։ Մեր ինստիտուտներում չկա քննարկում, կա՝ մեծամասնությունը որոշում է փոքրամասնության համար։ Եթե կինը մտնում է այդ համակարգ, որ քանդի այն, դարձնի ավելի մարդակենտրոն և ժողովրդավարական, ես դա խրախուսում եմ»։

«Ինձ համար արժեք չի, կին է Էջմիածնի քաղաքապետը, թե չէ։ Ինձ համար արժեք է՝ արդյոք կինը գենդեր է ներկայացնում, թե՝ չէ (..) Ինձ համար լուրջ խնդիր է, որ Սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը չի խոսում կանանց թերզբաղվածությունից, կանանց որպես տնային տնտեսուհի ձրի աշխատելուց և այլն»։

Շահնազարյանը և իր ընկեր Արփինե Գալֆայանը երկար տարիներ ներգրավված են եղել ակտիվիզմի մեջ տարբեր ֆրոնտերով, այդ թվում՝ օգնել են դիմադրություն կազմակերպել համայնքներում, որոնք պայքարել են հանքերի շահագործման ծրագրերի դեմ, օրինակ Թեղուտում և Ամուլսարում։

Գալֆայանը զգուշացնում է, որ կանայք կարող են ուղղակի օգտագործվել որպես նմուշ ցույց տալու, որ քաղաքական դաշտը բաց է կանանց համար։

«Կայանք օգտագործվում են քվոտաներ ցույց տալու համար, կեղծ հույս հաղորդելու, իբր ամեն ինչ դեպի լավն է գնում», — ասում է նա։

«Ներկայացուցչական ժողովրդավարության բոլոր ինստիտուտները, այդ թվում նաև կուսակցությունները, ձգտում են իշխանություն ձեռք բերել, այն կենտրոնացնել, վերահսկել ուրիշներին»։

Գալֆայանն ասում է, որ «իշխանության տրամաբանության մեջ կանանց միշտ էլ դժվար է լինելու, որովհետև էնտեղ կա հիեիարխիա, ու էդ հիերարխիաների մեջ դարեր ի վեր տղամարդկանց, մանավանդ ունևոր, հետերոսեքսուալ տղամարդկանց համար արդեն իսկ ձևավորվել են արտոնություններ»;

«Ես հակված եմ լինել էն տիպի համակարգերի մեջ, որոնք իմ արժեքներին են համապատասխանում, որոնք ինձ ուժ են տալիս, այլ ոչ թե մտնել էնպիսի համակարգերի մեջ, որոնք ինձ համար ճնշող են», — ասում է Գալֆայանը։

Շահնազարյանը կարծում է, որ կարևոր է՝ արդյոք կինը գիտակցում է, որ ստորադասվում է իր գենդերի պատճառով։

«Քաղաքական լինելու համար անպայման չէ մտնել Խորհրդարան։ Եթե տնային տնտեսուհին, օրինակ, կանգնում է իր հարևան կնոջ դիմաց՝ չի թողնում նրան ծեծեն, զանգում է ոստիկանություն և այլն, ավելի կարևոր բան է անում կանանց օրակարգին նպաստող, քան նախարարը, որ լինելով ինստիտուտցիայի մեջ, չի կարողանում բան փոխել»։

Ցույց Թավշյա հեղափոխության ժամանակ (Մարի Նիկուրաձե /OC Media)

Ջախջախելով հայրիշխանությունը բոլոր հնարավոր կողմերից

Ինչևէ, Հայաստանի ֆեմինիստների մեծ մասը համաձայն է, որ այստեղ չկա դիխոտոմիա՝ լինել ռադիկալ, թե ռեֆորմիստ ֆեմինիստ, իրականում փոփոխություն կլինի եթե երկու կողմից էլ պայքար տարվի։ Հիշենք, օրինակ, սուֆրաժիստների շարժումը 19-րդ դարում Բրիտանիայում, երբ միլիտանտ կանանց շարժումը պայքարում էր պահպանողական ֆեմինիստական խմբերին զուգահեռ։

Բոլորը համաձայն են, որ հեղափոխությունը չի ավարտվել և որ հայտնի ֆեմինիստական կարգախոսը՝ անձնականը քաղաքական է, շարունակում է ուժի մեջ մնալ։ Ոմանք այդ բառակապակցությունում «անձնական»-ի վրա են կենտրոնանում և աշխատում իրենց վրա, որ հաղթեն՝ արտոնյալ տղամարդկանց հետ անհավասար մարտում, մինչդեռ մյուսները պայքարում են, որ փոխեն սոցիալական հարաբերությունները։